«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն՝ վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, և հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «գործուղելու» տարբերակով։
Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները փորձում են ֆեդերացիա ուղարկել մի անձի, ով կկարողանա փրկել խորացող ճգնաժամային իրավիճակը հայկական ֆուտբոլում։
Այս ֆոնին առավել արդիական է դառնում հարցը՝ ո՞վ է այսօր ղեկավարում ՀՖՖ-ն, և ինչու է նրա շուրջ դժգոհությունը չի մարում։
Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ով այդ պաշտոնում է 2019 թվականից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։
Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։
Մեր տեղեկություններով, փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որեւէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել՝ վախենալով խաթարել «խաղաղության» գործընթացը։
Ի դեպ, պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Մ․ Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձիթողի վիճակում է հայտնվել, թերեւս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլեւս անիմաստ է, եւ սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։
Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։
Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում․ 25-րդն է։ Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի թեմի առաջնորդ, տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից։
Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որեւէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են՝ փորձում է Վեհափառի հետ հանդիպում ունենալ, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հունվարի 23-ին հայտարարվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվել են Հայաստան։ Մասնավորապես, Հայաստան էին եկել 10 հայ եւ 1 ռուս։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստան եկած արցախցիներից մեկը՝ Գ․ Աղայանը, տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հարազատները նրան տարել են տուն։ Արցախցի Ֆրեդն այս պահին գտնվում է Աղվերանում՝ անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում է։
«Հրապարակ»-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Մասնավորապես, այստեղ տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը եւ Մերուժան Շամիրյանը։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5 մլն 952 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական էլիտան սկսել է անձամբ հանդիպումներ կազմակերպել մարզային հեղինակությունների հետ` հասկանալու իրենց շանսերը։ Ասում են՝ Փաշինյանը հրահանգել է նախարարների մակարդակով խառնվել նախընտրական թոհուբոհին:
«Կաբինետներից դուրս եկեք ժողովրդի մեջ, որ երկու ամիս հետո հացին կակա չասեք»,-ըստ աղբյուրի` ասել է վերջինս իր ենթականերին։