Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: «ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ»,– նշում են Դատախազությունից։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դեռ ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման։ Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի էր դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել էր նրա ելքը Հայաստանից: Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։ Բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Երկրորդը չկարողացավ մեկնել Վրաստան և ներկա լինել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ` Սամվել Ալեքսանյան, Կարեն Վարդանյան, Ռալֆ Յիրիկյան և այլք։ Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։ «Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,- ասել է նա։ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նա կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը, որ հնարավոր լինի աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել։ Կառավարության ղեկավարը խոշոր գործատուներին խնդրել է մի փոքր բարձրացնել աշխատավարձերը, եթե դրանք, այսպես ասած, «եզրային սահմաններում են», որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։ «Եթե աշխատավարձը, օրինակ, 195 կամ 197 հազար է, ապա շնորհակալ կլինենք, եթե այդ եզրային վիճակների հանդեպ մեր գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս փուլում համակարգում ընդգրկված են 200 հազարից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ Փաշինյանը նշել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նրան, որ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։
Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր Պետեր Մադյարին շնորհավորել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ «Իմ սրտանց շնորհավորանքն եմ փոխանցում Մադյարին և հունգարացի ժողովրդին։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը»,- գրել է Փաշինյանը X-ում։ Հիշեցնենք` երեկ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Քվեների 98,9 տոկոսի հաշվարկը ցույց տվեց, որ Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 53,7 տոկոսը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժը ստանում է խորհրդարանի 199 տեղերից 138-ը։ Այս ընտրություններով Հունգարիայում կավարտվի Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարումը․ նա Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից, հենց նրա օրոք Հունգարիան 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ով Բաքվում հերոսացվեց, իսկ Օրբանն անգամ ներողություն չխնդրեց հայ ժողովրդից։ Ավելին՝ նա հայտարարել էր, որ եթե Սաֆարովի փոխարեն որևէ հայ լիներ, ապա ինքը նույն կերպ կվարվեր։
Մանրամասները՝ տեսանյութում: