«ՌԴ-ն հարձակվում է հարևանների վրա». Կալասը ԵՄ-ին կոչ է արել միասնական դիրքորոշում մշակել Մոսկվայի հետ զրույցներից առաջ

Ռուսական կողմի հետ եվրոպական ճարտարապետության ապագայի վերաբերյալ որևէ քննարկում սկսելուց առաջ Եվրոպական միությունը պետք է հստակ, ներքին համախմբված դիրքորոշում ձևավորի անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԵՄ Խորհրդի նիստի մեկնարկից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալասը։

Նա ընդգծել է, որ առանցքային խնդիրը Մոսկվայի ագրեսիվ վարքագիծն է և միջազգային հանրությունը պետք է գտնի այդ էքսպանսիան զսպելու արդյունավետ միջոցը։

«Նախքան Ռուսաստանի հետ որևէ բան քննարկելը, մենք պետք է միմյանց միջև քննարկենք, թե կոնկրետ ինչի մասին ենք ուզում նրանց հետ խոսել», – նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Կալասը նշել է, որ արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումները նվիրված կլինեն հենց գոյություն ունեցող անվտանգության խնդիրների լուծման վերաբերյալ կոնկրետ առաջարկների մշակմանը։ 

Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ գլխավոր սպառնալիքը շարունակում է մնալ տարածաշրջանի ապակայունացումը. «Եվրոպական անվտանգության խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանը մշտապես հարձակում է գործում իր հարևանների վրա, և մեզ պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք դա կանխել»։

Բարձր ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար անհրաժեշտ են նաև Կրեմլի կողմից իրականացվող էական զիջումները։ Որպես պայմաններից մեկը՝ Կալասը նշել է ռուսական զորքերի դուրսբերումը հարևան պետությունների տարածքներից՝ որպես օրինակ բերելով Մոլդովան։ 

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդներն այժմ աշխատում են Ռուսաստանի նկատմամբ պահանջների ցուցակի վրա, որը կդառնա մայրցամաքում անվտանգության ապահովման հիմքը։ «Մեզ անհրաժեշտ են կայունության երաշխիքներ, և զորքերի դուրսբերումը խաղաղ Եվրոպայի համար անհրաժեշտ պայմաններից միայն մեկն է», – ամփոփել է Կայա Կալասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *