Թրամփը Իրանի հետ պատերազմի ֆոնին գների աճի պատճառով մտադիր է նվազեցնել բենզինի դաշնային հարկը

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է անորոշ ժամկետով նվազեցնել բենզինի դաշնային հարկը, որը կազմում է 18 ցենտ մեկ գալոնի (4,5 լիտրի) համար։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում վառելիքի գների կտրուկ աճի հետնապատկերում, ինչն առաջացել է Իրանի դեմ պատերազմի հետևանքով։

Հարկի չեղարկումը կամ նվազեցումը պահանջում է հանրապետականների կողմից վերահսկվող Կոնգրեսի՝ համապատասխան օրենքի ընդունումը։

«Այո, ես պատրաստվում եմ նվազեցնել այն,- պատասխանել է Թրամփը լրագրողների հարցին՝ հարկի գործողության հնարավոր կասեցման վերաբերյալ։ Հարցին, թե որքան կտևի այդ միջոցառումը, նախագահը պատասխանել է.- Այնքան ժամանակ, որքան դա նպատակահարմար կլինի»։

Միսսուրի նահանգից հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին X սոցիալական ցանցում նշել է, որ երկուշաբթի ներկայացնում է բենզինի հարկի կասեցման մասին օրինագիծը։ Հատկանշական է, որ դեռ մարտին նմանատիպ միջոցառում առաջարկել էին որոշ դեմոկրատները, նրանց թվում՝ սենատոր Մարկ Քելլին՝ առաջարկելով մինչև հոկտեմբեր սառեցնել հարկը։

Բենզինի դաշնային հարկն ամսական մոտ 2,5 միլիարդ դոլար է ապահովում, որն ուղղվում է ճանապարհային հիմնադրամին։ 2008 թվականից ի վեր ավելի քան 275 միլիարդ դոլար արդեն փոխանցվել է ընդհանուր բյուջեից ճանապարհների վերանորոգման ծախսերը ծածկելու համար՝ հիմնադրամի դեֆիցիտի պատճառով։

Վառելիքի գները շարունակաբար աճում են փետրվարի 28-ին Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր։ AAA ավտոակումբի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ-ում մեկ գալոնի միջին գինը հասել է 4,52 դոլարի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր (այն ժամանակ առավելագույն գինը կազմել էր 5,01 դոլար)։

Վառելիքի արժեքի աճն անխուսափելիորեն հանգեցնում է սննդամթերքի և այլ ապրանքների թանկացմանը, ինչը քաղաքական խոցելիություն է ստեղծում Թրամփի և հանրապետականների համար նոյեմբերին անցկացվելիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Թրամփը խոստովանել է, որ հարկը կազմում է բենզինի ընդհանուր արժեքի միայն փոքր մասը, բայց ընդգծել է. «Այդուհանդերձ, դա էլ փող է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *