Վլադիմիր Զելենսկու կողմից մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթ անցկացնելու «թույլտվությունը» կարելի է դիտարկել ոչ միայն որպես ծաղր, այլ նաև որպես մարտի դաշտում փոխվող ուժերի հարաբերակցության հետևանքով ստեղծված ուժի դրսևորում։ Ռուսական բանակը ոչ մի նշան ցույց չի տալիս ավանդական գարնանային հարձակման մեկնարկի մասին։ Ընդհակառակը, արդեն երկրորդ ամիսն է, ինչ, կարծես, թե նրանք տարածքներ են կորցնում։ Գրեթե երեք տարվա մեջ առաջին անգամ պատերազմում հաղթանակն անցնում է Ուկրաինային, գրում է The Economist-ը։
Ուկրաինան կարողացավ իրավիճակը հօգուտ իրեն շրջել՝ հաղթահարելով դաժան մի ձմեռ, երբ քաղաքներն ու էներգահամակարգը գրեթե ամեն գիշեր հայտնվում էին անօդաչուների ու հրթիռների հարվածների տակ։ Հիմա արդեն ռուսական կողմն է ավելի ու ավելի մեծ կորուստներ կրում, ընդ որում՝ բոլոր ուղղություններով՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքային ենթակառուցվածքների մասով։ Լոնդոնի թագավորական քոլեջի պատվավոր պրոֆեսոր, ռազմական փորձագետ սըր Լոուրենս Ֆրիդմանը The Economist-ի հետ զրույցում նշել է. «Տպավորություն է, թե պատերազմում բեկումնային պահ է հասունացել։ Եթե ռուսների ջանքերն այդպես էլ արդյունք չտան, չեմ զարմանա, որ որոշ ուղղություններով նրանց դիրքերը պարզապես փլուզվեն»։
Մարտի դաշտում արդյունքների բացակայությունը բացատրվում է անօդաչուների պատով, որը կառուցել են Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) և որը շրջել է կորուստների ավանդական հարաբերակցությունը։ Եթե անցյալ հակամարտություններում մեկ զոհվածի հաշվով ավանդաբար գրանցվում էր 2-3 վիրավոր, ապա այժմ ուկրաինական ճակատում, ինչպես հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, մեկ վիրավորի դիմաց Ռուսաստանը կորցնում է գրեթե երկու զոհ։ Եվ լիովին հավանական է, որ «ռուս զինվորների ստոիցիզմն ու ֆատալիզմը մոտ են սպառմանը», կարծում է Լոուրենսը։
Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Սեթ Ջոնսի փոխանցմամբ՝ այսօր առաջնագծում ռուս զինվորների մինչև 80%-ը ոչնչացվում է հենց անօդաչուների հարվածներից։ Իսկ վիրավորները, որոնց ճակատագրով ռուսական բանակն առանց այդ էլ առանձնապես չի մտահոգվում, պարզապես դատապարտված են մահվան։ Նրանց գրեթե անհնար է տարհանել։