Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Corriere della Sera թերթին տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանը։ Նրա կարծիքով՝ եթե ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դադարի համապատասխանել Եվրոպական միության շահերին, ապա եվրոպական առաջնորդները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն և չմնան Վաշինգտոնի որոշումների պատանդը։
Ստուբն ընդգծել է, որ արդեն ժամանակն է սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Թեև նա չի հստակեցրել կոնկրետ ժամկետներ, սակայն նշել է, որ այս հարցն արդեն քննարկվել է եվրոպական այն առաջնորդների հետ, ովքեր հանդես են գալիս շփումների նախաձեռնությամբ։ Ըստ Ֆինլանդիայի նախագահի՝ Եվրոպան պարտավոր է գործել ինքնուրույն, եթե տեսնում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում ամերիկյան մոտեցումները չեն բխում իր սեփական շահերից։