Ամերիկյան ռազմական ինքնաթիռների զանգվածային ներկայությունը խոչընդոտում է Իսրայելի գլխավոր միջազգային օդանավակայանի՝ «Բեն Գուրիոնի» լիարժեք աշխատանքին։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Շմուել Զաքայը, հայտնում է Calcalist թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Զաքայը նամակ է հղել Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևին, որում նշում է «Բեն Գուրիոն» օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռների մեծաքանակ ներկայության մասին և զգուշացնում, որ դա լրջորեն վնասում է իսրայելական ավիաընկերությունների գործունեությանը և երկրի ավիացիոն ոլորտին։ Նրա կարծիքով՝ «Բեն Գուրիոն» օդանավակայանն ամերիկյան ռազմաբազայի վերածելը խանգարում է օտարերկրյա ավիաընկերությունների աշխատանքին։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած «Առյուծի մռնչոց» գործողության սկզբում իսրայելական ավիաընկերությունները տարհանել են իրենց ինքնաթիռները, և մինչ օրս ոչ բոլորն են վերադարձել Իսրայել, նշում է Calcalist-ը: «Այնպիսի տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը չի գիտակցում քաղաքացիական ավիացիային հասցված վնասի լրջությունը և չվերթների քանակի ազդեցությունը դրանց գների վրա: Պաշտպանական գերատեսչությունը խոչընդոտում է Տրանսպորտի նախարարությանը՝ իր դերն ու պարտականությունները կատարելու հարցում: Ստեղծված իրավիճակում Իսրայելը չունի արդյունավետ գործելու ունակ միջազգային օդանավակայան, իսկ «Բեն Գուրիոնը» վերածվել է սահմանափակ քաղաքացիական գործունեությամբ ռազմական պոլիգոնի», – գրել է Զաքայը Ռեգևին ուղղված նամակում, որը մեջբերում է պարբերականը:
Բացի այդ, Քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրենը խնդրել է Իսրայելի տրանսպորտի նախարարին «միջոցներ ձեռնարկել ամերիկյան ինքնաթիռները Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանից ռազմական օդանավակայաններ տեղափոխելու համար», նշում է պարբերականը։