Ապահովագրական նորարարությունների նոր մակարդակ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (GAIP) երկուշաբթի  համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՊՊԱ-ի և ապահովագրական տեխնոլոգիաների ոլորտում:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը և GAIP-ի հիմնադիր Աֆթաբ Հասանը:

Ստորագրումը նախորդում է InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովին, որը տեղի կունենա հունիսի 4-ին Երևանում՝ հայաստանյան և միջազգային ապահովագրական ու տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների մասնակցությամբ:

Ինչպես հայտարարել է Եղիազարյանը, Հայաստանում ապահովագրության ոլորտը դեռևս առաջատար դիրքեր չի զբաղեցնում ֆինանսական համակարգում, սակայն ճյուղի զարգացման համար կարևոր է ընդլայնել թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը:

Հասանն իր հերթին հայտնել է, որ InsureTek Armenia 2026 համաժողովին նախատեսվում է ոչ միայն տեղական ապահովագրական շուկայի ներկայացուցիչների, այլև միջազգային մասնագետների մասնակցությունը:

«Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես կարևոր ուղղություն ապահովագրության ոլորտում տարածաշրջանային ու միջազգային երկխոսության և նորարարությունների համար: Երկրում աճում է ոլորտի կարևորության գիտակցումը, իրականացվում են բազմաթիվ նախագծեր, ինչը մենք շատ ենք ողջունում: Տեսնում ենք գաղափարներ ու նախաձեռնություններ, որոնք պետք է դուրս բերվեն նոր մակարդակի», – ասել է Հասանը:

GAIP-ի մասին

 InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (Global Association of InsurTech Professionals) միջազգային նորարարական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ապահովագրական ոլորտում տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացմանը:

GAIP-ի կենտրոնակայանը գտնվում է Դուբայում: Ասոցիացիան միավորում է ապահովագրության և տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին՝ զարգացնելով համագործակցությունը, խթանելով հետազոտությունները և ներդնելով լավագույն փորձը ողջ ապահովագրական էկոհամակարգում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *