Հայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը»


Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեա կոլեկցիոներից գողացված արվեստի գործերից մեկը հայտնաբերվել է Նիդերլանդների տխրահռչակ կոլաբորացիոնիստներից մեկի ժառանգների տանը։

Խոսքը նիդերլանդացի նկարիչ Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» կտավի մասին է, որը տասնամյակներ շարունակ պահպանվել է Հենդրիկ Սեյֆարդտի ընտանիքում։

Սկզբնապես կտավը պատկանել է հրեա արվեստի դիլեր Ժակ Գաուդստիկկերին, որը զոհվել է 1940 թվականին՝ փորձելով փախչել Նիդերլանդներից նացիստական ներխուժման ժամանակ։ Նրա մահից հետո մնացել էր ավելի քան հազար արվեստի գործերից բաղկացած արժեքավոր հավաքածու։

Կորսված արվեստի գործերի որոնմամբ զբաղվող դետեկտիվ Արթուր Բրանդը կարողացել է հայտնաբերել կտավի գտնվելու վայրը՝ մի տղամարդու հաղորդման շնորհիվ, որը ներկայացել է որպես Սեյֆարդտի ժառանգ։ Վերջինս նշել է, որ «ցնցված և զայրացած է եղել», երբ իմացել է, որ իր ընտանիքը տարիներ շարունակ պահել է գողացված արվեստի գործ։

Հենդրիկ Սեյֆարդտը նիդերլանդացի գեներալ էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Արևելյան ճակատում ղեկավարում էր Վաֆեն-ՍՍ-ի կամավորական ստորաբաժանումը։ 1943 թվականին նա սպանվել է դիմադրության շարժման անդամների կողմից։

Ըստ հաղորդման՝ տղամարդը, տեղեկանալով իր ընտանիքի անցյալի մասին, հարցուփորձ է արել տատիկից կտավի ծագման վերաբերյալ։ Տատիկը պատմել է, որ այն ձեռք է բերվել պատերազմի տարիներին և որ «դա հրեաներից թալանված արվեստի գործ է՝ գողացված Գաուդստիկկերից»։

Պատերազմից հետո ընտանիքը փոխել է ազգանունը։ Թեև նրանք ընդունել են, որ կտավը երկար ժամանակ եղել է իրենց մոտ, միաժամանակ պնդել են, որ տեղյակ չեն եղել դրա իրական ծագման մասին։ Ճշմարտությունը բացահայտելուց հետո ընտանիքի անդամներից մեկը միջնորդի միջոցով կապ է հաստատել Արթուր Բրանդի հետ՝ համոզված լինելով, որ ստեղծագործությունը օրինական ժառանգներին վերադարձնելու համար անհրաժեշտ է հանրայնացնել պատմությունը։

Բրանդի վարկածով՝ կտավը ժամանակին յուրացրել էր Նացիստական Գերմանիայի ազդեցիկ գործիչներից Հերման Գյորինգը՝ այն բանից հետո, երբ Գաուդստիկկերը 1940 թվականին փախել էր Մեծ Բրիտանիա։ Հետագայում այն վաճառվել է աճուրդում՝ անցնելով Սեյֆարդտին, ապա՝ ժառանգաբար փոխանցվել նրա ընտանիքին։

Հետաքննության շրջանակում Բրանդը կապ է հաստատել Գաուդստիկկերի ժառանգների իրավաբանների հետ։ Նրանք հաստատել են, որ կոլեկցիոներին պատկանել են Տոոն Քելդերի վեց կտավներ, որոնք ընդգրկված են եղել 1940 թվականի աճուրդում։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *