Իտալիայում առաջին անգամ օրինական են ճանաչել երեխայի մոտ երեք ծնողների առկայությունը

Իտալիայի դատարանը առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է երեխայի երեք ծնող ունենալու օրինականությունը, գրում է Corriere della Sera թերթը՝ հղում անելով Բարիի վերաքննիչ դատարանի ուժի մեջ մտած որոշմանը։

«Իտալիայում առաջին անգամ ճանաչվել է երեխա, որն ունի երեք ծնող՝ երկու հայր, ովքեր դաստիարակում են նրան ծննդյան պահից, և մայր, ով լույս աշխարհ է բերել նրան… Այս որոշումը… առաջին նմանօրինակն է մեր երկրում և թույլ է տալիս ռեեստրում ներառել երեխայի ծննդյան վկայականը՝ երկու հոր մասին նշումով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թերթի տեղեկություններով՝ չորս տարեկան երեխան ծնվել է Գերմանիայում։ Երեխայի կենսաբանական հայրը ամուսնացած է Իտալիայի և Գերմանիայի քաղաքացու հետ, իսկ երեխայի մայրը զույգի վաղեմի ընկերուհին է, որն ունի իր սեփական երեխաները։

Հրապարակման համաձայն՝ երեխան բեղմնավորվել է բնական ճանապարհով և ծնվելուց հետո ճանաչվել է ինչպես մոր, այնպես էլ կենսաբանական հոր կողմից, ում էլ հետագայում հանձնվել է երեխայի դաստիարակությունը։ Պարբերականը գրում է, որ կենսաբանական հայրը երեխային մեծացրել է իր ամուսնու հետ, ով որոշ ժամանակ անց խնդրել է պաշտոնապես ճանաչել իրեն որպես երեխայի ծնող, քանի որ Գերմանիայում նույնասեռ զույգերին թույլատրվում է որդեգրել զուգընկերոջ երեխային։

Թերթը նշում է, որ հետագայում երկու «հայրերը» խնդրել են, որպեսզի Գերմանիայում իրականացված որդեգրման փաստը, ինչպես նաև այն վկայականը, որը հաստատում է երեխայի երեք ծնող ունենալու հանգամանքը, գրանցվի նաև Իտալիայում՝ Ապուլիա մարզում։ Սակայն քաղաքապետարանը մերժել է նրանց՝ համարելով, որ որդեգրման տակ կարող է թաքնված լինել Իտալիայում արգելված սուրոգատ մայրությունը, ինչի պատճառով գործը հետագայում փոխանցվել է Բարիի վերաքննիչ դատարան։

Դատարանն իր հերթին հաստատել է սուրոգատ մայրության փաստի բացակայությունը, ինչպես նաև այն, որ կենսաբանական մայրը դեմ չէ երեխայի երկրորդ հայր ունենալուն։ Արդյունքում դատարանը վճռել է Իտալիայում գրանցել ծննդյան վկայականը, որով ճանաչվում է, որ երեխան ունի երեք ծնող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *