Իրանի հետ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ չնայած հարվածների փոխանակմանը. Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «ակնհայտորեն» հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ։

«Հրադադար նշանակում է, որ կրակը դադարեցվում է, և մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել բանակցությունների անցկացման ժամանակահատվածում»,- ասել է Հեգսեթը։

Այս հայտարարությունը հնչել է ամերիկյան զինվորականների այն հաղորդումների ֆոնին, ըստ որոնց՝ անցյալ շաբաթ նրանք որսացել են իրանական հրթիռներ և անօդաչու սարքեր, որոնք ուղղված են եղել Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք նավերի դեմ։

Հեգսեթը նշել է նաև, որ առևտրային նավերի ռազմական ուղեկցման վերսկսումը, որը հայտնի է որպես «Ազատություն նախագիծ» (Project Freedom), «միշտ կարող է վերսկսվել, եթե դա ցանկանա գլխավոր հրամանատարը»։

Պաշտպանության նախարարը ձեռնպահ է մնացել Իրանում հետագա քայլերի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ հայտնելուց՝ ընդգծելով ռազմական պլանավորման ճկունությունը.

«Մենք ունենք էսկալացիայի ծրագիր, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ունենք նահանջի ծրագիր, եթե դա պահանջվի։ Մենք ունենք ակտիվների վերատեղաբաշխման ծրագիր», հայտարարել է Հեգսեթը ենթահանձնաժողովի անդամներին:

Այս խոսքերը հնչել են ի պատասխան կոնգրեսական Բեթի Մակքոլումի հարցին, թե արդյոք վարչակազմն ունի «Պլան Բ»՝ գործողությունները դադարեցնելու և ուժերը հետ քաշելու համար։

Հեգսեթը կրկնել է, որ Պենտագոնը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, սակայն այս պահին առաջնահերթություն են մնում դիվանագիտական ջանքերը՝ ընթացիկ ստատուս քվոյի պահպանմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *