Ավետիս Առաքելյանը որևէ շրջանակում չի քննարկել պաշտոնների ու հետագա զարգացումների վերաբերյալ հարցեր. Խոսնակ

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Ավետիս Առաքելյանը (Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարն է–խմբ) որևէ շրջանակում արել է քաղաքական բնույթի նման արտահայտություններ կամ քննարկել պաշտոնների ու հետագա զարգացումների վերաբերյալ հարցեր, ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի տեղեկատվությանը, թե Ավետիս Առաքելյանը մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, թե մի ամսից պատգամավոր է գնում, իսկ հունիսի 7-ին նոր իշխանությունը՝ Փաշինյանի պարտությունից հետո առաջինը աներոջն է ազատ արձակելու։

Նա հավելեց, որ հրապարակված նյութը չունի որևէ փաստական հիմք. «Ցավալի է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել չճշտված ու միակողմանի տեղեկություններ՝ փորձելով մանիպուլացնել հանրային կարծիքը։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական էթիկան, առաջնորդվել լրագրողական պատասխանատվությամբ և հանրությանը ներկայացնել բացառապես ստուգված տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր. «Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, ով Կարապետյանների ցուցակում է, մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, թե մի ամսից պատգամավոր է գնում, իսկ հունիսի 7-ին նոր իշխանությունը՝ Փաշինյանի պարտությունից հետո առաջինը աներոջն է ազատ արձակելու։

«Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո»,-ըստ Գյումրու աղբյուրների ասել է Ավետիսը՝ Ղուկասյանի փեսան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *