Ֆրանսիան Ռուսաստանին դուրս է մղում Հայաստանից․ Defence24

Հայաստանը ստացել է իր առաջին ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերը, և սա պարզապես ռազմական մատակարարում չէ։ Սա Ֆրանսիայի՝ դեպի Հարավային Կովկաս ավելի լայն առաջխաղացման մի մասն է, որտեղ Փարիզը ձգտում է թուլացնել ռուսական ազդեցությունը և Հայաստանին վերածել անվտանգության ոլորտում երկարաժամկետ գործընկերոջ, գրում է defence24.com-ը։

Ֆրանսիան այժմ փորձում է ամրապնդել իր դիրքերը մի տարածաշրջանում, որտեղ Մոսկվան տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք է զբաղեցրել։

Հայաստանին Ֆրանսիայի կողմից տրամադրվող աջակցությունը քաղաքական հայտարարություններից անցել է կոնկրետ ռազմական գործակցության։ Լեռնային Ղարաբաղի անկումից և շուրջ 100 հազար հայերի տեղահանումից հետո Երևանը հասկացել է, որ անվտանգության ռուսական երաշխիքներն այլևս բավարար չեն։ Մոսկվան ձևականորեն մնացել է Հայաստանում, սակայն դա չի կանգնեցրել Ադրբեջանին։ Սա Ֆրանսիայի համար ստեղծել է քաղաքական և ռազմական հնարավորություն՝ արագորեն հանդես գալով որպես մի գործընկեր, որը պատրաստ է սատարել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային պաշտպանությանը։

Առաջին CAESAR համակարգերն արդեն գտնվում են հայկական կողմի մոտ, և ակնկալվում է, որ դրանք կներկայացվեն Հանրապետության օրվա շքերթին։ Մատակարարված համակարգերի ճշգրիտ քանակը պաշտոնապես չի հաստատվել, թեև տեղական հաղորդագրություններում նշվում է, որ 36 հատ CAESAR 6×6 համակարգերի պատվեր են ստացվել։

Նույնիսկ մատակարարումների ամբողջ ծավալի վերջնական հաստատման բացակայության դեպքում ուղղությունը ակնհայտ է՝ Հայաստանը շարժվում է դեպի ֆրանսիական հրետանի, ֆրանսիական ՀՕՊ համակարգ և արևմտյան ստանդարտներ։

Եթե Երևանը ցանկանում է կանխել Ադրբեջանի կողմից հետագա ճնշումը, ապա այժմ նրան անհրաժեշտ են իրական հնարավորություններ, ոչ թե միայն հայտարարություններ։

Հարավային Կովկասը դառնում է գնալով ավելի զգայուն տարաշրջան, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Եվրոպայի շահերին: Ֆրանսիան Հայաստանին դիտարկում է նաև դաշինքների ավելի լայն ցանցի համատեքստում: Փարիզը ամուր հարաբերություններ է պահպանում Հունաստանի հետ, իսկ Հունաստանն իր հերթին ամրապնդում է կապերը Հայաստանի հետ: Սա կարևոր է, քանի որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, և Կովկասում Ֆրանսիայի վարած քաղաքականությունն անխուսափելիորեն ազդում է ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա: Գործնականում գնալով ավելի նկատելի է դառնում Ֆրանսիա — Հունաստան — Հայաստան եռանկյունին, որտեղ Հնդկաստանը նույնպես սկսել է կարևոր դեր խաղալ՝ սպառազինությունների մատակարարման և քաղաքական փոխգործակցության միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *