Saudi Aramco-ն նախատեսում է 10 միլիարդ դոլար ներգրավել՝ ակտիվների մի մասի վաճառքի հաշվին․ Bloomberg

Սաուդյան Saudi Aramco նավթային ընկերությունը նախատեսում է ավելի քան 10 միլիարդ դոլար ներգրավել անշարժ գույքի հետ կապված ակտիվների վաճառքի հաշվին։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Saudi Aramco-ն ծրագրում է վաճառել անշարժ գույք, այդ թվում՝ Դահրանի (Արևելյան նահանգ՝ Էշ-Շարքիա) արտադրական-վարչական համալիրի տարածքում գտնվող օբյեկտները, որտեղ տեղակայված է ընկերության կենտրոնակայանը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ նավթային հսկան արդեն նախնական բանակցություններ է անցկացրել գործարքի շուրջ։ Նշվում է, որ ընկերությունը դիտարկում է օբյեկտների վաճառքի և դրանց հետագա հետվարձակալության տարբերակը, ինչը թույլ կտա ազատել կապիտալը՝ միաժամանակ պահպանելով անշարժ գույքից օգտվելու հնարավորությունը։

Բացի այդ, Saudi Aramco-ն աշխատում է մի շարք այլ գործարքների ուղղությամբ։ Bloomberg-ը, մասնավորապես, մատնանշում է նավթի արտահանման և պահպանման տերմինալներում մասնաբաժինների, գազային էլեկտրակայանների, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքներով զբաղվող ստորաբաժանման հետ կապված նախագծերը։

Գործակալությունը հստակեցրել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *