Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակում պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվել է մշակութային հեղինակավոր գործիչ, Dubai Opera-ի ղեկավար Պաոլո Պետրոչելլին։ Պարգևը նրան հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Պետրոչելլին վաղուց արդեն առանձնահատուկ տեղ ունի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջազգային զարգացման պատմության մեջ։ Նա ակտիվ դերակատարություն ունի նվագախմբի արտասահմանյան գործունեության ընդլայնման, նոր համագործակցությունների ձևավորման և միջազգային դիրքավորման ամրապնդման գործում։

Որպես նվագախմբի պատվավոր խորհրդի անդամ՝ նա աջակցում է ռազմավարական նախաձեռնություններին, իսկ իր ներգրավմամբ ձևավորվել են նոր մշակութային ծրագրեր և գործընկերություններ։ Դուբայի օպերայի հետ համագործակցությունը հնարավորություն է տվել նվագախմբին պարբերաբար ներկայանալ Մերձավոր Արևելքի կարևորագույն արվեստի հարթակներից մեկում։ Նրա աջակցությամբ «Սիմֆոնիկ Ջեքսոն» նախագիծն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ Dubai Opera-ում՝ արժանանալով մեծ հաջողության։

Նա ոչ միայն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է եղել, այլև շարունակաբար ներգրավված է հայկական մշակութային նախաձեռնությունների առաջմղման գործում։ 2025 թվականին Պետրոչելլին արժանացել է Իտալիայի Հանրապետության Վաստակի շքանշանի ասպետի կոչման՝ մշակույթի և միջազգային համագործակցության զարգացման մեջ ունեցած ավանդի համար։

Գիտնական, դասախոս և մշակութային ղեկավար Պաոլո Պետրոչելլին այսօր համարվում է միջազգային մշակութային դիվանագիտության կարևոր դեմքերից մեկը՝ իր գործունեությամբ միավորելով արվեստը, գիտությունը և գլոբալ համագործակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *