Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրները

Մայիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել քննարկում։ Այն նվիրված է եղել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված արտահերթ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից։

Քննարկումը վարել է վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «Ձորակ» խնամքի կենտրոնի ներկայացուցիչները։

Ողջույնի խոսքում Գասպարյանն ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են վեր հանված խնդիրների արդյունավետ լուծմանն ու համագործակցության ամրապնդմանը։

«Մենք ողջունում ենք շենքային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների հարցում համագործակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, մի շարք համակարգային խնդիրներ շարունակում են մնալ մտահոգիչ, և մենք ակնկալում ենք, որ դրանց հաղթահարման համար կձեռնարկվեն հետևողական ու արդյունավետ քայլեր»,- նշել է վարչության պետը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի կողմից արձանագրված հիմնական խնդիրները։

Լաուրա Գասպարյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ցանկացած միջամտություն իրականացվի բացառապես մարդու իրավունքների և արժանապատվության հարգման սկզբունքի հիման վրա, օրենքի պահանջների խիստ պահպանմամբ և արդյունավետ վերահսկողության պայմաններում։

Քննարկման արդյունքում առաջարկվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել վեր հանված խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ձորակ» խնամքի կենտրոնի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ արձանագրված խնդիրների լուծման և ներկայացված հանձնարարականների կատարման համար, ինչպես նաև տրամադրել համապատասխան հետադարձ կապ այդ հարցերի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ոլորտի մոնիթորինգը և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված հետևողական աշխատանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *