ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստանում գտնվելու ընթացքում իրեն զգում է ինչպես «Տանը մենակ» ֆիլմաշարի գլխավոր հերոս Քևին Մակքալիստերը։
«Ես չեմ ճամփորդում նախագահի հետ։ Այսպիսի օրերին ես երբեմն ինձ զգում եմ ինչպես Մակոլեյ Կալկինի կերպարը «Տանը մենակ» ֆիլմում։ Մտնում եմ Սպիտակ տուն, և այնտեղ ոչ ոք չկա, քար լռություն է, ու ինձ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ է կատարվում»,- ասել է նա լրագրողներին։ Թրամփի թիմի զգալի մասն այժմ նրա հետ միասին գտնվում է Պեկինում։ Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ինչպես նաև երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները։
ԱՄՆ առաջնորդը ՉԺՀ-ում կմնա մինչև մայիսի 15-ը։ Այցի նպատակն է առևտրատնտեսական համագործակցության և երկկողմ օրակարգի այլ առանցքային հարցերի շուրջ առկա տարաձայնությունների մեղմացումն ու վերացումը, ինչպես նաև գլոբալ հիմնախնդիրների շուրջ դիրքորոշումների համակարգումը, ներառյալ (ինչպես սպասվում է) ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը։