ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրին, որին նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարի նշանակել էր Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողությունն ապահովելու համար, կիրակի ժամանել է Նուուկ, տեղական լրատվամիջոցներին հղումով հայտնում է Reuters գործակալությունը։
Լենդրին, որը Լուիզիանայի նահանգապետն է, նախկինում աջակցել էր Թրամփի մտադրությանը՝ ընդարձակ արկտիկական այս տարածքը դարձնել Միացյալ Նահանգների մաս։
Այս ձգտմանը կտրականապես դեմ են արտահայտվել ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Դանիայի կառավարությունները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։
Նախատեսվում է, որ մայիսի 19-20-ը Լենդրին կմասնակցի «Գրենլանդիայի ապագան» բիզնես համաժողովին, որտեղ նրան կուղեկցի Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերին։
Համաժողովի կազմակերպիչը՝ Business Greenland ընկերությունը, Լենդրիին չէր հրավիրել, սակայն հայտնել է, որ միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։
Այս շաբաթվա սկզբին Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ Լենդրին և Հաուերին «կհանդիպեն գրենլանդացիների լայն շրջանակի ներկայացուցիչների հետ՝ լսելու և սովորելու համար՝ նպատակ ունենալով ընդլայնել տնտեսական հնարավորությունները, ամրապնդել մարդկանց միջև կապերը և բարելավել փոխըմբռնումը Միացյալ Նահանգների և Գրենլանդիայի միջև»։
Փորձելով թուլացնել լարվածությունը՝ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն այս տարվա սկզբին պայմանավորվել էին բարձր մակարդակով դիվանագիտական բանակցություններ անցկացնել՝ ճգնաժամը կարգավորելու համար, թեև այդ շարունակվող բանակցությունների արդյունքները դեռ ներկայացված չեն։
Այս շաբաթվա սկզբին Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումը Վաշինգտոնի հետ շարունակվող բանակցությունների մի մասն է։
Առայժմ Լենդրիի այցի ընթացքում նրա հանդիպումները գրենլանդացի քաղաքական գործիչների հետ պաշտոնապես չեն հաստատվել։