Մայիսի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արգավանդի խճուղու «Կալիֆորնիա» գիշերային ակումբում քաղաքացի են ծեծում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մայիսի 15-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Թ․-ն իր ընկերների հետ միասին գտնվելով «Կալիֆորնիա» գիշերային ակումբում նկարահանելու հարցի շուրջ խոսակցություն են ունեցել նույն ակումբի բարմեն Երևանի բնակիչ 32-ամյա Մելքոն Մ․-ի հետ, որից հետո խոսակցությունը շարունակելու նպատակով վերջինիս հրավիրել են դուրս, որտեղ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Մելքոն Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև տեղափոխել են ակումբի ներսի հատված, որտեղ շարունակել են նույն վարքագիծը, հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել բարմենին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Թ․-ին հայտնաբերելու, դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։