ԱՄՆ երկու քաղաքացի ձերբակալվել են Ճապոնիայում՝ համացանցում հանրահայտ Փանչ կապիկի վանդակը ներխուժելու համար

ԱՄՆ երկու քաղաքացի ձերբակալվել են Ճապոնիայում այն կենդանաբանական այգում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ պահվում է Փանչ անունով ճապոնական մակակայի ձագը, որն այս տարի համացանցային սենսացիա է դարձել։

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը՝ 24-ամյա քոլեջի ուսանող, ձերբակալվել է կիրակի, երբ մագլցել է ցանկապատի վրայով և ցատկել Տոկիոյի մոտակայքի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգու կապիկների վանդակը շրջապատող չոր խրամատի մեջ։

Երկրորդ տղամարդը, որը տեսանկարահանում էր տեղի ունեցածը, ներկայացել է որպես 27-ամյա երգիչ։

Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում ժպտացող դեմքով կոստյումով և արևային ակնոցներով մի մարդ անցնում է ցանկապատի վրայով, ինչի պատճառով վանդակում գտնվող կապիկները խուճապահար փախչում են։

Ըստ Իչիկավայի ոստիկանության ներկայացուցչի, որին վկայակոչում է Ֆրնասպրես գործակալությունը, տղամարդիկ չեն մոտեցել կենդանիներին և նրանց անմիջապես բռնել են կենդանաբանական այգու աշխատակիցները։

Նրանց մեղադրանք է առաջադրվել տնտեսական գործունեությանը խոչընդոտելու համար, սակայն երկու ձերբակալվածներն էլ հերքում են դա։

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ տղամարդիկ իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող փաստաթղթեր և սկզբում փորձել են հորինված անուններ տալ։

Միջադեպը տեղի է ունեցել կենդանաբանական այգու այցելությունների կտրուկ աճի ֆոնին, որն առաջացել էր Փանչ անունով մակակայի ձագի հանրահայտության պատճառով։

Փանչը համացանցում հայտնի է դարձել, երբ կենդանաբանական այգին հրապարակել էր լուսանկարներ, որտեղ նա գրկել է IKEA-ի օրանգուտանի պլյուշե խաղալիքը՝ օգտագործելով այն որպես «մխիթարություն», երբ մայրը հրաժարվել էր իրենից։

Կապիկը ծնվել է հուլիսին և մեծացել արհեստական պայմաններում, ինչից հետո սկսել է նախապատրաստվել իր խմբին վերադառնալու համար։

Փանչի պատմությունը հսկայական արձագանք է առաջացրել համացանցում և ստեղծել երկրպագուների համայնք՝ #HangInTherePunch հեշթեգով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *