Իռլանդիայի նախագահը հայտարարել է, որ «շատ է հպարտանում» իր քրոջով, որին նույն օրն ավելի վաղ իսրայելական զինվորականները ձերբակալել էին, երբ նա մարդասիրական շարասյան կազմում ուղևորվում էր դեպի Գազայի հատված։
Մարգարետ Քոնոլին, որը ընդհանուր պրակտիկայի բժիշկ է Իռլանդիայի հյուսիս-արևմուտյան Սլայգո քաղաքից, եղել է Global Sumud նավատորմի առնվազն վեց իռլանդացի մասնակիցների թվում, որոնց երկուշաբթի իսրայելական ուժերը ձերբակալել են՝ նավ բարձրանալուց հետո, հայտնել է պաղեստինամետ մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչ Քարեն Մոյնիհանը։
«Ես շատ եմ հպարտանում իմ քրոջով, բայց նաև շատ անհանգստանում եմ նրա համար»,- հայտարարել է Նախագահ Քեթրին Քոնոլին։
Նա հավելել է, որ «շատ զբաղված» է եղել և դեռ չի հասցրել մանրամասն տեղեկություններ ստանալ իր քրոջ և առաքելության մյուս մասնակիցների վիճակի մասին՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից։
Այս միջադեպը և նախագահի՝ նավի վրա գտնվող Իռլանդիայի քաղաքացիներին հրապարակային աջակցությունը կարող են էլ ավելի վատթարացնել Իռլանդիայի և Իսրայելի միջև առանց այն էլ լարված դիվանագիտական հարաբերությունները։ 2024 թվականին Իսրայելը փակել էր Դուբլինում իր դեսպանատունը՝ ի պատասխան Պաղեստինը ճանաչելու Իռլանդիայի որոշման և Գազայի հատվածում Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու, ինչը իսրայելական կողմը հերքում է։
Քեթրին Քոնոլին, որն անկախ սոցիալիստ քաղաքական գործիչ է և հայտնի է Իսրայելի հասցեին իր քննադատություններով, հոկտեմբերին ընտրվել է հիմնականում արարողակարգային այս պաշտոնում և այդ ժամանակից ի վեր իրավիճակի մասին արտահայտվել է միայն անուղղակիորեն։
Global Sumud խումբը հայտարարել է, որ իսրայելական ուժերը Միջերկրական ծովի ջրերում՝ Կիպրոսից հարավ և Գազայից հյուսիս, կանգնեցնում և աբորդաժի են ենթարկում ավելի քան մեկ տասնյակ նավեր․ սա արդեն երրորդ նմանատիպ գործողությունն է այս ամսվա ընթացքում։ Ձերբակալվածների հստակ թիվը և նրանց հետագա ճակատագիրը դեռևս անհայտ են։
Իսրայելի ԱԳն-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ, ըստ գերատեսչության պնդման, նավատորմի ձերբակալված մասնակիցները ողջունում են միմյանց՝ սպասելով իսրայելական նավեր տեղափոխվելուն։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նավատորմն անվանել էր «սադրանք՝ հանուն սադրանքի»՝ հայտարարելով, որ այն մեկնել է «ՀԱՄԱՍ-ին ծառայելու», ուշադրությունը շեղելու ՀԱՄԱՍ-ի՝ զենքը վայր դնելու հրաժարումից և խոչընդոտելու նախագահ Թրամփի խաղաղության պլանի առաջընթացին։
Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ուշադիր հետևում է» նավատորմի շուրջ ստեղծված իրավիճակին, որի մասնակիցները ուղիղ եթերով հեռարձակում էին տեղի ունեցածը, երբ իսրայելական ուժերը կանգնեցնում էին նավերը։
Նավատորմի մեծ մասը կիրակի օրը դուրս էր եկել ծով թուրքական Մարմարիս նավահանգստից, իսկ նավերի մի մասն ավելի վաղ ժամանել էր Իտալիայից։
Նավատորմի ակտիվիստները Մարգարետ Քոնոլիի ձերբակալության մասին լուրից հետո հրապարակել են նրա նախապես ձայնագրված տեսանյութը։ Դրանում նա հայտարարում է. «Եթե դուք դիտում եք այս տեսանյութը, նշանակում է՝ իսրայելական օկուպացիոն ուժերն ինձ առևանգել են իմ նավից, և հիմա ես ապօրինի պահվում եմ իսրայելական բանտում։ Պաղեստինի դատը մեր ժամանակների բարոյական կողմնացույցն է։ Հենց դա է մեզ մարդ դարձնում»,- ասել է նա։ -Պաղեստինցիները կփրկեն մեր մարդկայնությունը»։
Մարգարետ Քոնոլիի ձերբակալությունը համընկել է որպես պետության ղեկավար Մեծ Բրիտանիա նրա քրոջ եռօրյա այցի մեկնարկի հետ։