Իռլանդիայի նախագահի քրոջը՝ դոկտոր Մարգարետ Քոնոլիին, ձերբակալել են «Sumud» ֆլոտիլիայի նավի վրա և տեղափոխում են Իսրայել, հայտնում է «Sky News»-ը։
Ինչպես նշում է պարբերականը, դոկտոր Քոնոլին այն առնվազն վեց Իռլանդիայի քաղաքացիների թվում է, որոնք գտնվել են դեպի Գազա ուղևորվող «Sumud» մարդասիրական ֆլոտիլիայի նավերում և Կիպրոսի ափերի մոտ ձերբակալվել Իսրայելի կողմից։
«Reuters»-ի տվյալներով՝ մայիսի 18-ին իսրայելական ուժերը միջազգային ջրերում կանգնեցրել են առնվազն 28 նավակ, մինչդեռ «Sumud»-ը հայտարարում է, որ կորցրել է կանգնեցված նավերի հետ կապը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ֆլոտիլիան անվանել է «սադրանք» և հավելել, որ նավերի վրա որևէ մարդասիրական օգնություն չի եղել։
«Ես շատ հպարտ եմ, որ մասնակցում եմ այս ֆլոտիլիային։ Սա մինչ օրս եղածներից ամենամեծն է, և հիմա մենք նավարկում ենք դեպի Գազա, որպեսզի մարդասիրական ուղի բացենք՝ Գազայի բնակչությանը խիստ անհրաժեշտ օգնությունն ու դեղորայքը հասցնելու համար։ Որպես մայր, բժիշկ և որպես մարդ՝ ես այս ֆլոտիլիային օգնելու անկասելի ցանկություն եմ զգում»,— «Sumud»-ի հրապարակած տեսաուղերձում ասել է դոկտոր Քոնոլին։
Իռլանդիայում հայտարարել են, որ պաշտոնատար անձինք «ակտիվորեն հետևում են «Sumud» համաշխարհային ֆլոտիլիայի շուրջ ստեղծված իրավիճակին» և փոխգործակցում համապատասխան մարմինների հետ։ Իշխանությունների հայտարարության մեջ հստակեցվում է, որ «տուժած Իռլանդիայի քաղաքացիներին» կցուցաբերվի հյուպատոսական աջակցություն։