
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին առաջարկել է միավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ անցյալ շաբաթ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը ընդհանուր շահեր ունեն ՄՔԴ-ին դեմ լինելու հարցում և պետք է միավորվեն կազմակերպության դեմ։
Թերթը չի բացահայտել Սի Ծինփինի արձագանքը Թրամփի առաջարկին։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը ՄՔԴ-ի անդամ պետություններ չեն, ինչը նշանակում է, որ նրանք չեն ենթարկվում նրա իրավասությանը և չեն ճանաչում նրա որոշումները։
2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Ուկրաինայից երեխաների անօրինական արտաքսման համար։
2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրացումից հետո՝ 2023 թվականի հոկտեմբերին, հրեական պետությունը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ։
Ի պատասխան օրդերի՝ Դոնալդ Թրամփը 2025 թվականի փետրվարին պատժամիջոցներ կիրառեց ՄՔԴ-ի նկատմամբ՝ մեղադրելով կազմակերպությանը ամերիկացիներին և նրանց մերձավոր դաշնակիցներին անօրինական կերպով թիրախավորելու մեջ։
Հրամանագրում նշվում էր, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «ծաղկուն ժողովրդավարություններ են՝ զինված ուժերով, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»։