Իրանի հետ պատերազմը ջրի երես հանեց ԱՄՆ պաշտպանական-արդյունաբերական բազայի թույլ կողմերը. NYT

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փորձում է լուծել մի խնդիր, որը Պենտագոնն ու Կոնգրեսը տարիներ շարունակ անհաջող կերպով փորձում են վերացնել, գրում է New York Times-ը։

«Երբ Ռոբերտ Մ. Գեյթսը պաշտպանության նախարար էր, նա բազմիցս քննադատում էր Պենտագոնի սպառազինության համակարգը՝ հայտարարելով, որ այն ստեղծում է զենքեր, որոնք չափազանց բարդ են, չափազանց թանկ և չափազանց երկար են արտադրվում։

Նա նման համակարգերն անվանում էր «99%-անոց լուծում», որը գրեթե կատարյալ տեսք ունի, բայց պահանջում է տարիների մշակում, և կոչ էր անում ստեղծել սպառազինությունների նոր սերունդ՝ որպես «75%-անոց լուծումներ»՝ նվազ կատարյալ, սակայն շատ ավելի էժան և արագ արտադրվող։

Մոտ երկու տասնամյակ անց իրավիճակը գործնականում չի փոխվել։ Օրինակ՝ Patriot հակահրթիռները կարող են արտադրվել մինչև 36 ամիս և արժեն մոտ 4 միլիոն դոլար՝ մեկ միավորի համար։ Իրանի հետ պատերազմի ընթացքում ամերիկյան ուժերն արդեն ծախսել են ավելի քան 1200 այդպիսի հրթիռ։ Դրանց մի մասն օգտագործվել է մոտ 35 հազար դոլար արժողությամբ Shahed անօդաչու սարքերը ոչնչացնելու համար, որոնք Իրանն ի վիճակի է արտադրել ամսական առնվազն 200 միավոր տեմպով։

Այս պատերազմը և սպառազինությունների արագ սպառումը կրկին արդիականացրին Գեյթսի հին քննադատությունը և ի հայտ բերեցին ԱՄՆ պաշտպանական-արդյունաբերական բազայի ու զենքի գնումների համակարգի լուրջ թերությունները։

«Ուկրաինան այս տարի կարտադրի 7 միլիոն դրոն,- հարցազրույցում հայտարարել է Գեյթսը։- Ինչո՞ւ մենք չենք կարող անել նույնը»։

Պենտագոնն ու Կոնգրեսը տարիներ շարունակ փորձել են լուծել այս խնդիրը, սակայն առանց զգալի հաջողության։ Այժմ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կրկին ձեռնամուխ է լինում բարեփոխմանը։ Գլխավոր տարբերությունն այն է, որ եթե նախկինում Պենտագոնի ղեկավարները, նրանց թվում՝ Գեյթսը, փորձում էին «ավելին անել քիչ ծախսերով», ապա Հեգսեթն առաջ է մղում 1,5 տրիլիոն դոլարի բյուջե, որն ամենախոշորն է ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ»։

Մինչդեռ փորձագետների համոզմամբ միայն փողը բավարար չէ. խնդիրը կառուցվածքային բնույթ ունի։

«Պենտագոնը պետք է ցույց տա վարքագծի և մշակույթի իրական փոփոխություն»,- հայտարարել է Ռեյչել Հոֆը Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտից։ Ըստ նրա՝ ստեղծվում են նոր գրասենյակներ և ռազմավարություններ, սակայն առանց պայմանագրերի և գնումների համակարգի բարեփոխումների՝ դա մնում է լոկ հռետորաբանություն։

Վերլուծաբանների կարծիքով՝ Պենտագոնը «քմահաճ պատվիրատու է», որը զենք է գնում փոքր խմբաքանակներով և չի հասնում մասշտաբի ազդեցության։

«Համակարգն ամրության պաշար չունի, քանի որ համարվում է, որ քանի դեռ պատերազմ չի սկսվել, դրա կարիքը չկա»,- ասել է Մաքենզի Իգլինը Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտից։

Նա հավելել է, որ Պենտագոնի սպառազինությունները՝ նավերից ու ինքնաթիռներից մինչև զինամթերք, արտադրվում են տարիներով, և պատերազմ սկսվելու դեպքում անհնար է արագորեն մեծացնել թողարկման ծավալները։

Պաշտպանության նախարարությունում հայտարարում են փոփոխությունների պատրաստակամության մասին։ Հեգսեթը կողմ է արտահայտվում սպառազինությունների գնումներում «85%-անոց լուծմանը» և քննադատում է խոշոր կապալառուներին ու Պենտագոնի բյուրոկրատիան՝ կրկնելով Գեյթսի փաստարկները։

Հենվելով բյուջեի հնարավոր ավելացման վրա՝ Հեգսեթի բարեփոխումներն ուղղված են առևտրային մատակարարումների ընդլայնմանը, այլընտրանքային արտադրողների ներգրավմանը և կապալառուների արտադրական կարողությունների մեծացմանը։

Ըստ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելի՝ գերատեսչությունն ընդլայնում է բազմամյա պայմանագրերը՝ զինամթերքի արտադրությունը 3-4 անգամ ավելացնելու և միաժամանակ պաշտպանական տեխնոլոգիական նոր ընկերություններ ներգրավելու համար։

Ընդսմին, սպառազինությունների պաշարներին առնչվող խնդիրները նոր չեն։ ԱՄՆ-ը պատմականորեն անցել է ռազմական արտադրության «վերելքների և անկումների» փուլերով. գործարանները ստեղծվում էին պատերազմների ժամանակ և փակվում դրանց ավարտից հետո։

Պաշտպանության նախկին նախարար Գեյթսն ընդգծել է, որ հիմնական խնդիրը արտադրության արագությունն է և համակարգի վերակառուցման անհրաժեշտությունը։

ԱՄՆ Կոնգրեսի պետական հաշվետվողականության գրասենյակի  (GAO) նախկին վերլուծաբան Ուինսլոու Ուիլերի կարծիքով՝ Պենտագոնը սևեռված է սպառազինության թանկարժեք ու բարդ համակարգերի վրա, ինչը հանգեցնում է բյուջեի աճին մինչև 1,5 տրիլիոն դոլար, սակայն միևնույն ժամանակ՝ սպառազինությունների իրական պաշարների կրճատմանը։

Փորձագետներից ոմանք նշում են, որ Իրանի հետ պատերազմում օգտագործված սպառազինության մեծ մասը հնացած էր՝ F-35 ինքնաթիռներ, Tomahawk հրթիռներ, Patriot համակարգեր։

Միևնույն ժամանակ, փորձեր են արվում զարգացնել էժան անօդաչու սարքեր, սակայն, ինչպես նշում են մասնագետները, անհրաժեշտ է միաժամանակ պահպանել նաև գոյություն ունեցող համակարգերը։

Գեյթսն ընդգծում է, որ առանցքային որոշումները պետք է ընդունի Պենտագոնի ղեկավարությունը, այլապես բյուրոկրատիան կդանդաղեցնի ցանկացած բարեփոխում։

Նա նշել է նաև, որ ապագա փոփոխությունները կախված են նրանից, թե որ համակարգերը կպահպանվեն, և որոնք կկրճատվեն կամ կփոխարինվեն։

Չնայած բարեփոխումների պատրաստակամության մասին հայտարարություններին՝ փորձագետները զգուշացնում են. արդիականացման նախորդ բազում փորձեր ձախողվել են։

Այնուամենայնիվ, ռազմական փորձի, պաշտպանական ծախսերի աճի, նոր տեխնոլոգիաների զարգացման և քաղաքական աջակցության համադրությունը կարող է պայմաններ ստեղծել իրական փոփոխությունների համար։

Ինչպես նշել է Ռեյչել Հոֆը, եթե ներկայիս իրավիճակը չհանգեցնի համակարգային արդիականացման, «հնարավորությունների պատուհանը բաց կթողնվի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *