Նեթանյահուի վերջին մարտը. Իսրայելը մոտենում է նոր ընտրությունների՝ պատերազմի և պառակտման ֆոնին

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում դիտորդները բազմիցս կանխատեսել են Իսրայելի կառավարության շուտափույթ տապալումը։ Շատերն անգամ ակնկալում էին դա։ Սակայն, ի վերջո, հենց կառավարող կոալիցիայի երկու ուլտրաօրթոդոքս կուսակցությունն արագացրին կաբինետի հնարավոր անկման պահը, գրում է The Economist-ը։

Ակնկալվում է, որ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) մայիսի 20-ին կքվեարկի ինքնալուծարման օգտին։ Դրանով կմեկնարկի սեպտեմբերին կամ հոկտեմբերին տեղի ունենալիք նոր ընտրությունների հետհաշվարկը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ աղբյուրների տվյալների, կարող է փորձել դանդաղեցնել գործընթացը, բայց առավելագույնը, ինչին նա ընդունակ է հասնել, մի քանի հավելյալ շաբաթ շահելն է։ Այս Քնեսեթի լիազորությունների ժամկետն ավարտվում է, և ընտրությունները ցանկացած դեպքում պետք է անցկացվեն ոչ ուշ, քան հոկտեմբերի 27-ը։

Ճգնաժամի անմիջական պատճառը դարձավ ուլտրաօրթոդոքս կուսակցությունների պահանջած օրինագիծը, որը կրոնական ճեմարանների (յեշիվաների) ուսանողներին կազատեր պարտադիր զինվորական ծառայությունից։ Նեթանյահուն պատրաստ էր աջակցելու այս նախաձեռնությանը, սակայն չկարողացավ բավարար աջակցություն հավաքել. օրենքը ծայրահաստիճան հակաժողովրդական է բնակչության շրջանում։

Շատ իսրայելցիներ համարում են, որ կրոնական կուսակցություններից կառավարության կախվածությունը վնասում է հասարակությանը։ Այս թեման կդառնա առանցքայիններից մեկն առաջիկա նախընտրական արշավում։

Հատկանշական է, որ այժմյան կառավարությունը դիմացավ գրեթե ամբողջական չորս տարվա ժամկետ, ինչը հազվադեպ երևույթ է Իսրայելի քաղաքական համակարգի համար։ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածից, ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած պատերազմներից հետո շատերը սպասում էին Նեթանյահուի կոալիցիայի փլուզմանը։ Սակայն վարչապետը պահպանեց իշխանությունը, պատասխանատվությունը բարդեց բանակի ու հետախուզության վրա և իսրայելցիներին «լիակատար հաղթանակ» խոստացավ հաջորդող հակամարտություններում։ Նա ոչ միայն պահպանեց աջակողմյան և կրոնական կուսակցությունների դաշինքը, այլև ընդլայնեց կոալիցիան ռազմական մոբիլիզացիայի պայմաններում։

Այնուամենայնիվ, վճռական հաջողության հասնել չհաջողվեց։ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի մոտավորապես կեսի ավերված տարածքները, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պահպանել իշխանությունը մյուս մասում։ Ռազմական մյուս արշավները նույնպես վերջնական հաղթանակ չեն բերել։ Իրանական ռեժիմը, որի դեմ Իսրայելը ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածներ է հասցրել, մնում է թուլացած, բայց կայուն։ Լիբանանում «Հըզբոլլահը» շարունակում է մարտական գործողությունները իսրայելական ուժերի դեմ՝ չնայած ղեկավարության կորուստներին։

Նեթանյահուն նախկինի պես հույս ունի, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք կվերսկսվեն ամերիկյան հարվածները Իրանին, սակայն իսրայելական հետախուզական համայնքում քչերն են հնարավոր համարում իրանական ռեժիմի փլուզումը մոտ ժամանակներս։

Հոկտեմբերի 7-ի իրադարձությունների և դրան հաջորդած պատերազմների ստվերը գերիշխող է լինելու առաջիկա ընտրություններում։ Նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը գլխավորում է աջակողմյան և կենտրոնամետ ուժերի ցուցակը, խոստանում է, որ իր կառավարության առաջին նիստը նվիրված է լինելու այն ձախողումների հետաքննության հանձնաժողովի ստեղծմանը, որոնք հանգեցրին զանգվածային սպանություններին։

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ քարոզարշավը կվերածվի Գազայի պատերազմի լիարժեք ազգային վերաիմաստավորման։ Ավելի քան 70 հազար մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, զոհվել են. Գազայի հատվածի բնակչությունը հայտնվել է սովի եզրին։ Չնայած դրան, իսրայելցիների մեծամասնությունը նախկինի պես Գազայում, Լիբանանում և Իրանում ընթացող պատերազմները համարում է արդարացված՝ որպես պատասխան էկզիստենցիալ սպառնալիքներին։

Կառավարության ընդդիմադիրների համար առաջիկա ընտրությունները դուրս են գալիս սոսկ ռազմական գործողությունների շրջանակներից։ Նրանք հիշեցնում են, որ մինչև հոկտեմբերի 7-ը Նեթանյահուի կոալիցիան փորձում էր անցկացնել վիճահարույց դատական բարեփոխում, որը կթուլացներ Գերագույն դատարանը։ Այն ժամանակ հարյուր հազարավոր իսրայելցիներ դուրս էին գալիս բողոքի ցույցերի՝ դա համարելով սպառնալիք ժողովրդավարությանը։ Քննադատության է ենթարկվում նաև բյուջեի վերաբաշխումը հօգուտ ուլտրաօրթոդոքս խմբերի, որոնք չեն ծառայում բանակում և ունեն ցածր տնտեսական ակտիվություն։

Իսրայելի տնտեսությունը, որին աջակցում է տեխնոլոգիական հատվածը և հատկապես պաշտպանական տեխնոլոգիաները, մնում է կայուն. ֆոնդային շուկան և շեկելն ուժեղ են, գործազրկությունը՝ ցածր։ Բնական գազի արտահանումը նույնպես նպաստում է աճին։

Այնուամենայնիվ, հասարակությունը կենտրոնացած չէ տնտեսության վրա։ Աճում են մտահոգությունները պետական ծախսերի անկայունության և ուլտրաօրթոդոքս բնակչությանը տրամադրվող չափազանց մեծ սուբսիդիաների վերաբերյալ։ Որոշ փորձագետներ նախազգուշացնում են ժողովրդավարության ճգնաժամի մասին։ Ըստ հարցումների՝ կենտրոնամետ և ձախակողմյան ընտրողների զգալի մասը ընդդիմության պարտությունն համարում է «անընդունելի»։ Աճում է նաև արտագաղթը. 2024 թվականին երկիրը լքել է մոտ 83 հազար մարդ, իսկ 2025 թվականին՝ մոտ 70 հազար, ինչը կարող է վկայել «ուղեղների արտահոսքի» մասին։

Հարցումների մեծամասնությունը ցույց է տալիս, որ Նեթանյահուի այժմյան կոալիցիան չի կարողանա մեծամասնություն ստանալ։ Սակայն ընդդիմությունը նույնպես մնում է պառակտված. կուսակցությունների մի մասը հրաժարվում է կոալիցիա կազմել արաբական կուսակցությունների հետ, իսկ բոլոր ուժերը միավորելու ընդունակ առաջնորդ չկա։ Սա ձեռնտու է «Լիկուդ» կուսակցությանը, որը հարցումներում հանդես է գալիս որպես խոշորագույն ուժ։

Ոմանք հարց են տալիս՝ արդյո՞ք 76-ամյա Նեթանյահուն՝ Իսրայելի ամենաերկար կառավարած վարչապետը, ի վերջո կհեռանա քաղաքականությունից։ Քաղաքական ճնշումներից բացի, նա բախվում է առողջական խնդիրների հետ և բուժում է անցնում շագանակագեղձի քաղցկեղից հետո։ Հեռացումը նրան հնարավորություն կտար գործարք կնքել կոռուպցիայի մեղադրանքների վերաբերյալ, որոնք նա հերքում է, և խուսափել ընտրություններում հնարավոր պարտությունից։ Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ նա ընդունակ չէ լքելու քաղաքական ասպարեզը։

Սրանք կլինեն արդեն նրա 12-րդ ընտրությունները «Լիկուդի» գլխավորությամբ։ Քաղաքականության մեջ ավելի քան 40 տարվա ընթացքում նա բազմիցս հերքել է կանխատեսումները։ Այդ իսկ պատճառով, չնայած բոլոր անորոշություններին, առաջիկա քարոզարշավը գրեթե հաստատապես կրկին կվերածվի նրա առաջնորդության շուրջ հանրաքվեի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *