
«Մենք կարիք չունենք նման ձևով մեր ժողովրդի հետ հարաբերվելու, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք, ըստ էության, ժողովրդական զարթոնք է այս նախընտրական փուլում, երբ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է տեր կանգնել իր երկրին, պետականությանը և խաղաղությանը։ Արհեստական զոհի կարգավիճակում լինելու կարիք չունենք»,- «Այսօր»-ի հետ զրույցում ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի հեղինակը համարում է իշխանությանը, որի նպատակն ընդդիմադիրների նկատմամբ սպասվելիք ճնշումները լեգիտիմացնելն է։ Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետն ընդդիմադիրների հասցեին սպառնալիքներ է հնչեցնում և ոչ պատշաճ խոսույթ կիրառում, Թորոսյանն արձագանքեց. «Ոչ մի սպառնալիք չկա, ոչ պատշաճ խոսույթ էլ չկա։ Կան քաղաքական գնահատականներ, ինչը միշտ եղել է և լինելու է։ Մենք ցանկացած իրավիճակի տալու ենք գնահատական, իրերը կոչելու ենք իրենց անուններով և չենք վարելու ջայլամային քաղաքականություն»։