Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում


Հարեվաններ


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետների հետ համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
 
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզոր» և Տեսչական մարմնի ներկայացուցիչների միջև՝ նախատեսված վերահսկողական միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։
 
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շեգլովը հայ գործընկերներին է փոխանցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի ողջույնները, շնորհակալություն հայտնել ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, ինչպես նաև համատեղ վերահսկողական միջացառումներ կազմակերպելու պատրաստակամության համար:
 
Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ երկու երկրների իրավասու մարմինների համագործակցությունը միշտ կրելու է կառուցողական փոխգործակցության բնույթ։
 
Առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում՝ նպատակ ունենալով ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *