Ադրբեջանին ուղղված քննադատությունը «կարող է տհաճ լինել», սակայն դա երկխոսությունը դադարեցնելու պատճառ չէ․ ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես ցավում են Բաքվի՝ Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման համար և կոչ են անում իրենց ադրբեջանցի գործընկերներին վերսկսել երկխոսությունը. հայտնում է Deutsche Welle-ն։

«Քաղաքական փակ ուղիները խոչընդոտում են փոխըմբռնմանը և զիջում ազդեցությունն աշխարհաքաղաքական առումով խիստ լարված տարածաշրջանում»,- հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գերմանացի պատգամավոր Օլիվեր Շենկը Ստրասբուրգում կայացած քննարկման ժամանակ։

Մայիսի 1-ին պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ դադարեցնում է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Ադրբեջանի իշխանություններն այս որոշումը կայացրել են Եվրախորհրդարանի կողմից «Հայաստանի ժողովրդավարական կայունության աջակցության մասին» բանաձևի ընդունումից մեկ օր անց։ Դրանում Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում՝ տարածաշրջան անվտանգ վերադառնալու նրանց իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքներով, և պահանջել են անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին։

Գերմանիայի «Կանաչներ» խմբի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին նշել է, որ «Եվրանեսթ»-ից դուրս գալով՝ Ադրբեջանը զրկվում է տնտեսական և անվտանգային հարցերի շուրջ կարևոր տարածաշրջանային երկխոսության մաս կազմելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանին ուղղված քննադատությունը մարդու իրավունքների և Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ «կարող է տհաճ լինել», սակայն «դա բանակցային սեղանից հեռանալու և երկխոսությունը դադարեցնելու պատճառ չէ»։

Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը համարում է, որ այս քայլը «տագնապալի քաղաքական ազդանշան է ուղարկում Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին»։ Նա նաև ընդգծել է, որ Եվրախորհրդարանը պետք է մնա սկզբունքային և հետևողական Ադրբեջանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակի պաշտպանության հարցում։

«Այնուամենայնիվ, մեր քննադատությունը ոչ մի կերպ չպետք է ընկալվի որպես թշնամանք ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։ Ընդհակառակը, մեր նպատակը կայուն, խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասն է, որտեղ երկխոսությունը գերակշռում է առճակատմանը»,- վստահեցրել է Վիգենինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *