
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։
– Մոսկվային «մեջքով շրջված» Փաշինյանը քարոզարշավի ժամանակ գովեստի հեղեղ է տեղում ՌԴ-ի եւ Պուտինի հասցեին։ ՌԴ-ն գերտերություն է, որին պետք է ակնածանքով վերաբերվել եւ այլն։ Նախընտրական խա՞յծ է, թե՞ ցինիզմ։
– Ո՛չ ցինիզմ է, ո՛չ էլ խայծ, այլ՝ ծանրագույն հոգեվիճակ։ Մի կողմից, ստիպված է հակադրվել հիմնական ընդդիմադիրներին, որոնք դեմ են կտրուկ աշխարհաքաղաքական փոփոխություններին ու, հետեւապես, Ռուսաստանի դեմ հայտարարություններ անել, մյուս կողմից՝ հասկանում է, թե ինչ հետեւանքներ կունենա, ու փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ դա ընդամենը նախընտրական հռետորաբանություն է, եւ ընտրություններից հետո նորից կսերտացնեն հարաբերությունները։
– Այս ամենի ֆոնին, նույն անձը պնդում է, թե Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, սակայն ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնարկում է Պուտինին)։ Նշում է, որ ընդդիմությունը կրկին ուզում է խաղաղության համար երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (էլի ակնարկում է Պուտինին)։
– Պետք է հասկանալ, թե ում են ուղղված նրա խոսքերը։ Նա վախեցած է ընդդիմության աճող ռեյտինգից, մասնավորապես՝ նաեւ «Ուժեղ Հայաստանից», դրա համար փորձում է ընտրողների մոտ վարկաբեկել լիդերներին։ Դրանով են պայմանավորված նաեւ Անդրանիկ Թեւանյանի դեմ անհեթեթ մեղադրանքները։ Հիմա իրավապահները ստիպված են այդ անհեթեթ մեղադրանքներն իրավական կերպով հիմնավորել։ Պետք է խղճալ ուսապարկերի վերածված այդ մարդկանց։
– Պուտինը մեկ ամսում արդեն 2 անգամ հստակ պնդեց, որ անկարելի է միաժամանակ լինել ե՛ւ ԵԱՏՄ, ե՛ւ ԵՄ անդամ, եւ հորդորեց Հայաստանին՝ այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Երեւանը պնդում է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի, Արարատ Միրզոյանն էլ հոխորտում է, թե իրավունք չունեն հեռացնել միությունից, քանի դեռ Երեւանը հայտ չի ներկայացրել։ «Կհավատա՞ն» Կրեմլում այս խմբակի «արցունքներին»։
– Նման հայտարարություններ արել են նաեւ ոլորտային այլ բարձր պաշտոնյաներ։ Սա արդեն հստակ քաղաքականություն է։ Պետք է սպասել, որ նման պահանջ կհնչի արդեն վերջնագրի տեսքով։ Ռուսական կողմի հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել։
– Մոսկվան անցել է սուր քննադատության՝ շեշտելով, որ Ռուսաստանի դեմ արվում են ոչ բարյացակամ քայլեր՝ Զելենսկուն հարթակ տրամադրելուց մինչեւ Մոսկվայի դեմ ագրեսիվ տրամադրված երկրների հետ ռազմավարական գործընկերության հաստատում։ Ի՞նչ հետեւանքներ սպասել։
– Մոսկվայի ուղերձներն արդեն իսկ ազդում են։ Խոշոր բիզնեսը վաղուց է մտահոգ վիճակում, միջինն արդեն սկսել է հասկանալ դրա ծանրագույն հետեւանքները։ Ցավոք սրտի, որքան հասկանում եմ, մինչեւ ընտրությունների օրը վատ նորությունների շքերթ է լինելու։
– Քարոզարշավի ժամանակ ցցուն դարձան Փաշինյանի հակաարցախյան հայացքները։ Նրա ագրեսիվ ու թշնամական խոսույթը, ընդդիմադիր մրցակիցների նկատմամբ սպառնալիքները հատել են բարոյականության բոլոր սահմանագծերը։ Հիստերիկ այս աղմուկի մեջ ի՞նչը պիտի կարեւորի հասարակ քաղաքացին, ընտրողը՝ քվեարկությունից առաջ։
– Այդ անձնավորությունը մի քանի սցենարի վրա է աշխատում։ Դրանցից մեկն ընտրությունները չեղյալ հայտարարելն ու հատուկ դրություն մտցնելն է, ինչի համար պետք է լինեն բախումներ եւ այլն։ Ըստ այդ սցենարի՝ ղարաբաղցիների համար դեր է նախապատրաստված։ Հայտնի տեսահոլովակն ու արցախցիներին թիրախավորելն այդ հնարավոր սցենարի տրամաբանության մեջ է պետք դիտարկել։
– Շինծու մեղադրանքներ, բեմադրված ձայնագրություններ, կեղծ տեսանյութեր՝ ենթադրյալ ահաբեկչության վերաբերյալ, կամայական ձերբակալություններ եւ այլն․ սա գործող ռեժիմի վերջին օրերի կեղտոտ ձեռագիրն է։ Ժողովուրդը, սակայն, չի երկնչում ճշմարտությունը բարձրաձայնելուց, այն էլ՝ Փաշինյանի երեսին։ Ի վերջո, կտեսնե՞նք հանրային այս մեծ պարսավանքի ընտրական արդյունքը։
– Հարցը հռետորական է։ Ով այս անձնավորության հետեւորդն է, նրանց կարծիքը չի փոխվի, ով ատում է, այդ զգացմունքը կխորանա։ Ամբողջ հարցը տատանվող հատվածի պահվածքն է։ Կարծում եմ, այս ամենը նրանց վրա ազդեցություն կունենա։