Մայիսյան ավարտական տոներն ու «Վերջին զանգի» հանդիսությունները շատերի մոտ արթնացնում են ջերմ ու անմոռանալի հուշեր: Բացառություն չէր նաև երգչուհի Անետտա Աղաբեկյանը, ով տարիներ անց որոշել է այս խորհրդանշական օրը վերադառնալ այնտեղ, որտեղից սկսվել են իր կյանքի մեծագույն երազանքները:
Երգչուհին Արտաշատի իր հարազատ կրթօջախից հոլովակ է հրապարակել ինստագրամյան էջում և կիսվել իր ապրումներով, ինչը մեծ արձագանք է գտել նրա հետևորդների շրջանում:
Անետտան դպրոց էր այցելել՝ անակնկալ մատուցելու և անձամբ շնորհավորելու թե՛ այս տարվա շրջանավարտներին և թե՛ իր սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ առաջ կրթել ու ճանապարհ են հարթել իր համար:
«Երկար տարիներ անց նորից քայլեցի այն նույն միջանցքներով, որտեղ մի ժամանակ անցել էր իմ մանկությունն ու պատանեկությունը: Այս անգամ ոչ որպես աշակերտ, այլ որպես մարդ, ով վերադարձել էր շնորհակալություն հայտնելու իր ուսուցիչներին: Վերջին զանգի օրը դարձավ ամենահուզիչ առիթը՝ անակնկալով վերադառնալու այնտեղ, որտեղից սկսվել էր իմ ամենամեծ երազանքը…»,- անկեղծացել է երգչուհին:
Անետտա Աղաբեկյանը նշել է, որ ուսուցիչներին տեսնելիս վերհիշել է դպրոցական անհոգ օրերն ու այն վստահությունը, որով դեռ տարիներ առաջ բարձրաձայնում էր իր նպատակների մասին: «Մի ժամանակ վստահ ասում էի՝ «Ես երգչուհի եմ դառնալու»:
Այսօր կանգնեցի այն ուսուցիչներիս կողքին, ովքեր առաջինն էին լսել իմ երազանքների մասին ու հավատացել ինձ: Ու երևի ամենահուզիչ զգացողությունն այն էր, որ տարիներ առաջ ասված փոքրիկ խոստումն այսօր արդեն իրականություն էր դարձել…»։