Փաշինյանն անհանգիստ է, Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի, ԵՊՀ ռեկտորը գլխի՞ է ընկել․ Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ն «վարձ­կանների» միջոցով է իր քարոզչությունն իրականացնում․ 200-250 հազար դրամով կամավորներ են վարձել, որոնք, դռնեդուռ ընկած, ՔՊ-ի բուկլետներն են բաժանում։

Բայց մեկ միավոր աշխատավարձի դիմաց փորձում են հնարավորինս շատ աշխատեցնել՝ միայն քարոզչությամբ ու բուկլետ բաժանելով չեն զբաղվում, այլ նաեւ մասնակցում են Փաշինյանի երեւանյան քարոզարշավներին, մասսովկա են ապահովում։

Փաստորեն, ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում երիտասարդությանը։ Առանց այն էլ հեշտ գործ չէ ՔՊ մերժող Երեւանում ՔՊ-ի բուկլետը բաժանելը՝ շատերը վռնդում են, կոպտում՝ նրանց նույնացնելով Փաշինյանի հետ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել՝ երբ պետք է, երգում է, երբ պետք է, պարում է, անխտիր հավանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն-սպառնալիքները, փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։

Նա, լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար, երկրորդում է Փաշինյանին՝ ոմանց «կենդանի» մնալու հրաշքից զարմացած։

Մեր իշխանական աղբյուրն ասում է, որ այդ ծառայությունները հենց այնպես չեն արվում, պարզվում է՝ նա մեծ ախորժակ ունի եւ ՔՊ-ի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր ուժերից մեկի վերջին հարցումները մի քիչ անհանգստացնող արդյունք են գրանցել։ Ըստ այդ հարցումների՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ Սամվել Կարապետյանի եւ Արման Թաթոյանի ընտրազանգվածի մոտ կեսը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։

Չնայած հարցվածները հստակ ասել են՝ ուզում են, որ հենց այդ ուժն ընտրվի, բայց նշել են, որ դժվար թե մասնակցեն քվեարկությանը։ Սա նշանակում է, որ գլխավոր խնդիրը ոչ այնքան այն է, թե ում են ընտրելու մարդիկ, այլ այն, թե գնալո՞ւ են արդյոք ընտրությունների։

Ընդ որում, ամենից շատ կարող է տուժել Արման Թաթոյանի «Միասնության թեւերը»․ նրան համակրող զանգվածի մեջ առավել մեծ տոկոս են կազմում ընտրությանը մասնակցելուց հրաժարվողները։

Եվ այս 2 շաբաթում ընդդիմությունը պետք է հատկապես այդ ուղղությամբ աշխատի, որ մարդկանց մոտիվացնի՝ գնալ քվեարկության։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է իր անվտանգության հարցերով։ Նա շատ է վախեցել դիմակավորված «արցախցիների» տեսանյութից, բայց քանի որ շատ է ուզում վերընտրվել եւ դրա համար այլ ճանապարհ չի տեսնում, քան իր մրցակիցների հասցեին լուտանքներ տեղալն է, անում է դա, բայց նաեւ հասկանում է, որ այս փուլում իր թշնամիների բանակը մեծացրել է, իրեն ատողների կայուն բանակ է ձեւավորվել եւ դա հղի է վտանգներով։

Մեր աղբյուրն ասում է, որ նա հատկապես անհանգիստ է մայիսի 28-ի միջոցառումների հետ կապված։ Նա անհանգստանում է, որ իր նախընտրական քարոզարշավի առանցքային իրադարձություններից մեկը կարող է խափանվել եւ իր անվտանգությունն ապահովելն այդ օրը շատ բարդ է լինելու։

«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով «կիսվել» էր Սուրեն Պապիկյանի՝ Կարապետյանների մասին հրապարակմամբ եւ գրել․ «Դասալիքները չեն նահատակվում»։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ 6 որդիները «նահատակվել» պատերազմում։

Երեկ նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը։ Արդյո՞ք ուշացումով գլխի է ընկել, որ իր ղեկավարած հաստատությունն ապաքաղաքական պետք է լինի, թե՞ հասկացել է, որ իր գրառումն ավելի շատ իշխող թիմի դեմ է՝ չէ՞ որ նրանցից ոչ մեկը կարծես չի նահատակվել, եւ այդ 2 բառը նրանց ավելի շատ է սազում։

«Փաստ» օրաթերթը գրում է, որ առաջիկա ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից առնվազն 7-ը կարելի է դասել ծայրահեղ «արևմտամետների» շարքին։ Նրանցից է Շնորհապետական կուսակցությունը, որը, ըստ Վիքիպեդիայի, կողմ է ռուսական ազդեցության վերացմանը և Հայաստանի ելքին ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, իսկ ղեկավար Գուրգեն Սիմոնյանը կոչ է արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը։

Այդուհանդերձ, Սիմոնյանը 2016-2018 թթ. Դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, իսկ 2015 թ. Ցայսօր՝ Հայ-Ռուսական համալսարանում։ Վերջինս պարզաբանել է, որ նա հիմնական դասախոս չէ, ներգրավվել էր ժամանակավորապես, պայմանագիրն ավարտվել է, հետագա ներգրավումը չի նախատեսվում, սակայն կենսագրությունում նշված է «2015 թ. Ցայսօր»։ Նշվում է նաև, որ այդ համալսարանի ֆինանսավորման մոտ 30 %-ը ձևավորվում է ՌԴ դաշնային բյուջեից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *