«Հրապարակ». Նիկոլը գիտակցում է՝ եթե զրկվի աթոռից, իրեն կդատեն միանգամից, գուցե ռազմական տրիբունալի առաջ կանգնի

Հարցազրույց դերասան, բեմադրիչ Կարեն Խաչատրյանի հետ

– Օրերս մի խումբ մտավորականներ հանդիպեցին Վեհափառի հետ, նախաձեռնությունը մտավորականներին էր, մասնավորապես՝ Ժիրայր Դադասյանինը: Դուք նույնպես մասնակցել եք հանդիպմանը։ Ո՞րն էր հանդիպման նպատակը:

– Հիմնական նպատակը Եկեղեցուն եւ Վեհափառին զորակցելն էր եւ որոշակի հարցերի պատասխաններ ստանալը: Կարծում եմ՝ շատ կարեւոր էր այդ հանդիպումը, լսեցինք իրար, լսեցինք Վեհափառին: Ես նույնպես հարց ուղղեցի, որ հասարակության լայն շերտերը խոսում են բարեփոխումներից, ի՞նչ է մտածում Եկեղեցին այդ մասին: Վեհափառն ասաց, որ խորհում են այդ ուղղությամբ, որ բարեփոխումներ պետք են եւ միշտ արվել են։ Այսինքն` մեղադրել Եկեղեցուն, որ բարեփոխումներ չի ուզում անել, ճիշտ չէ: Վեհափառի այդ պատասխանն ինձ համար շատ կարեւոր էր: Հիմնականում սա էր, որ այս հալածանքների, այս դատավարությունների ու կալանավորումների պայմաններում մենք մեր դիրքորոշումը, աջակցությունը հայտնեցինք:

– Աջակցությունը ե՛ւ մեր Եկեղեցուն էր, ե՛ւ Վեհափառին, ե՛ւ սրբազաններին, որոնք ԱԱԾ մեկուսարաններում են կամ տնային կալանքի մեջ: Կարո՞ղ ենք այդպես ընկալել՝ մտավորականների դիրքորոշում։

– Այո: Ես նաեւ սրբազանների դատավարությանն եմ մասնակցել, եւ ինձ համար շատ հաճելի էր, որ ժողովուրդը նույնպես գնում էր՝ տարբեր շերտեր, տարբեր մարդիկ: Նույնիսկ նստելու տեղ չկար, սպասում էինք դրսում, որ տեղ ազատվեր, մեկը դուրս գար` մյուսը մտներ: Մեծ հարգանք կար, մեծ ակնածանք, եւ դա, իհարկե, գովելի է:

– Մենք մի կետի ենք հասել, որ ստիպված ենք մեր Եկեղեցին, մեր սրբություններն ու արժեքները սեփական իշխանություններից պաշտպանել, որոնք կոչված են դրանց պաշտպանը լինելու:

– Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլը, ըստ էության, Թուրքիայի թեկնածուն է, մեր՝ հայերիս թեկնածուն չէ։ Իր նախընտրական ծրագրում Եկեղեցու մասին գրվածը նույնպես հակահայկական երեւույթ է։ Ինքը տանում է այն թեզերը, որոնք կարեւորում, որոնց մասին խոսում են թուրքերը, իրենց հոգեւոր առաջնորդը, Ալիեւը: Իրենք ինչ որ խոսում են մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին, նույնը Նիկոլն է ասում եւ անում: Այստեղից հետեւություն, որ Նիկոլն ուղղակի թուրքերի թեկնածուն է: Դա նույնիսկ չեն թաքցնում թուրքերը, գովում են եւ մեզ` հայերիս, կոչ անում՝ Նիկոլին ընտրել։ Թուրքերն ավելի շատ են գովում Նիկոլին, քան այստեղ իրեն լոբբինգ անողները: Իսկ հանրությունն ամեն բան լսում եւ լուռ տանում է: Եթե մենք նորմալ հասարակություն լինեինք, այդպիսի կուսակցությանն ընդհանրապես պետք է մերժեինք, երբ իր նախընտրական ծրագրում Եկեղեցու մասին այդպիսի աննորմալ, հակահայկական թեզ է մտցրել: Մենք հանրային մեծ պարսավանք պիտի ցույց տայինք, բայց դա, ցավոք սրտի, չկա: Կան անհատ մարդիկ, որոշակի խմբեր, մտավորականներ կամ արվեստի մարդիկ, որոնք այս կամ այն չափով այդ մասին խոսում են, եւ վերջ: Սա է ցավալին:

– Նիկոլը մի կողմից ասում է՝ եթե Սամվել Կարապետյանն ընտրվի, մեր տղաներին ուղարկելու է Ռուսաստան՝ պատերազմի, մյուս կողմից էլ ասում է, որ իր ընտրվելու դեպքում մենք ուկրաինական կողմից ենք պատերազմին մասնակցելու: Ինչպե՞ս տարբերենք Նիկոլի խաղաղության գլուխն ու պոչը:

– Դեռեւս 18 թվականին Նիկոլին զգուշացնում էին որոշակի քաղաքական շրջանակներ, որ պետք չէ Հայաստանը սարքել ուժային կենտրոնների բախման տեղ։ Մեր պատմության ընթացքում մենք միշտ ունեցել ենք նման խնդիրներ, Հայաստանը դարձրել ենք թատերաբեմ, որից մենք տուժել ենք: Հիմա Նիկոլը նորից դա է անում, եւ, մեծ հաշվով` հայ ժողովուրդը: Մենք մեր քիթը խոթում ենք մի տեղ, որն ընդհանրապես մեզ պետք չէ: Մի կողմից էլ, Նիկոլի խոսույթներին ես լուրջ չեմ վերաբերվում, երբ ասում է` այս կանեմ, այն կանեմ, որովհետեւ այսօր մի բան է ասում, հաջորդ օրը՝ մեկ այլ բան ասում, երրորդ օրը՝ լրիվ ուրիշ բանի մասին խոսում: Հիմա պետք չէ ներվ փչացնել, ուղղակի պետք է կենտրոնանալ այն բանի վրա եւ ամեն ինչ անել, որ Նիկոլը չընտրվի նորից: Բան չմնաց, օրեր չմնացին, պիտի ներվերը խնայել, շատ ճիշտ աշխատանք տանել, բացատրել մեր ընկերներին, հարազատներին: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն ուզում ընտրել նախկին նախագահներին կամ նրանց հարող ուժերին։ Այդ մարդկանց ասում եմ՝ եթե չեք ուզում ուրիշին ընտրեք, ընտրության լայն հնարավորություն կա, ուժեր կան, որ ո՛չ նրանցից են, ո՛չ էլ սրանցից են: Այսինքն, ընտրության գնալ է պետք, եւ պատճառ չպետք է բռնել` բա ո՞ւմ: Սա անիմաստ հարց է․ կա՛ն մարդիկ, գնա՛ եւ ընտրի:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները:

– Կարող է երկու տարբերակ լինել: Ընդդիմադիր ուժերը միասնական ձայներով գուցե կամ հաստատ ավելի աթոռներ ստանան Ազգային ժողովում, քան Նիկոլը: Դա լավ տարբերակ կլինի: Նաեւ հնարավոր է երկրորդ փուլ լինի, բայց դա մի քիչ վտանգավոր է, արդյո՞ք այն մնացած ուժերը կհամաձայնեն միավորվել, գեներացնել ուժ, որովհետեւ հակասություններ կան՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Բարդ պրոցեսներ կարող են լինել: Բայց այստեղ կարեւոր են նաեւ հասարակության ճնշումները, այսինքն` հասարակության լայն շերտերը պետք է ակտիվ լինեն, իրենց ասելիքը գուցե գեներացնեն նաեւ փողոցային պայքարով: Ժողովուրդն ինքն էլ ստիպի, որպեսզի հասկանալի լինեն այդ միավորման եզրերը ե՛ւ մեզ համար, ե՛ւ քաղաքական դաշտի: Դժվար է լինելու: Ես վախենում եմ, որ այս ընտրությունները գուցե այդքան արդար էլ չլինեն, որովհետեւ Նիկոլը հասկանում է, որ սա ճակատագրական է իր համար նաեւ անձնական առումով, եւ ՔՊ-ի համար: Նիկոլը գիտակցում է, որ եթե զրկվի աթոռից, իրեն կդատեն միանգամից, ինքը կկանգնի գուցե ռազմական տրիբունալի առաջ, եւ մտածում է, որ նույնիսկ ՔՊ-ն կարող է արգելվի մի քանի տարի, եթե ոչ՝ ընդհանրապես, որպես հակահայ, ապազգային կուսակցություն: Այնպես որ՝ տարբերակներ կան, տեսնենք: Ինձ թվում է, որ ամեն ինչ կարող է որոշել վերջին շաբաթը, թե ով ինչ կասի, եւ հանրությունը կգա ինչ-որ հայտարարի:

– Ընտրությունից անմիջապես հետո փողոցը պետք է ակտիվ լինի, պահանջատեր, իր ձայնի տերը, խաղաղ ու անցնցում, որպեսզի խուսափեն թիվ նկարելուց: Եվ ցանկալի է, որ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը միավորվեն: Դուք տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը:

– Շատ կարեւոր է, թե այդ ընդդիմադիրներից ով ավելի շատ ձայն կհավաքի: Մյուսները գիտակցելով միավորվեն այդ շատ ձայն հավաքածի շուրջը, ոչ թե ամբիցիաներ անեն եւ ասեն` ճիշտ է, ես քիչ ձայն եմ հավաքել, բայց քո ձայնը ինձ տուր: Սրանից է կախված, տեսնենք, թե ով է շատ ձայն հավաքելու: Ես դա հավանական եմ համարում, որովհետեւ, հաշվի առնելով ինչ որ խոսում են եւ կոնկրետ այսօրվա իշխանության հետ կապված իրենց վերաբերմունքը, հասկանում եմ, որ միավորումը բնական կլինի եւ անհրաժեշտ: Նիկոլն ի՞նչ է անում հիմա՝ այդ երեք ուժերին վիրավորում է, ինքն ամեն ինչ անում է, որ իր հանդեպ ատելության դոզան ամեն օր բարձրանա: Նայում եւ ասում եմ` այդ ի՞նչ ես խոսում, լրիվ ապուշացել ես արդեն, բայց մյուս կողմից էլ ասում եմ` լավ է, խոսիր, խոսիր, ինչքան այդպես խոսես, այդքան ձայն կորցնում ես: Եվ դա ես տեսնում եմ, ամեն օր իր էլեկտորատը պակասում է: Ինքը գիտակցում է, որ հողը ոտքերի տակից փախչում է, իր ամբողջ ջղաձգումը դրանից է գալիս, ինքը հասկանում է, որ 50+ չի տանելու, եւ դա իրեն շատ կատաղեցնում է: Գիտի, որ այսօր 21 թիվը չէ, ուրիշ իրավիճակ է, ինքը գիտի, որ ինչքան էլ կրկնվի, Քոչարյան ու Սամվել խաղացնի, չի ստացվելու: Վախից է, ինքը գիտի, որ դատվելու է, եւ իր այդ վարքագիծը գալիս է հաստատելու, որ ինքը խոր մտահոգությունների մեջ է:

– Դուք տեսնո՞ւմ եք, որ իշխանությունը փոխվելուց հետո պատերազմ կլինի, ինչով որ վախեցնում են ժողովրդին:

– Աբսուրդ է, երբ իշխանությունն իր ժողովրդին շանտաժի է ենթարկում պատերազմով՝ ընտրություններից առաջ: Ինքը շանտաժի ենթարկեց Տավուշի ժողովրդին՝ ասելով․ չտաք, պատերազմ կլինի: Այստեղ այնքան մեծ անբարոյականություն կար, եթե այդ մարդիկ ասեին՝ չէ, ու հանկարծ ինչ-որ բախում լիներ, պիտի ամբողջ ժողովրդի ատելությունը գեներացնեին տավուշցիների դեմ` այ, դուք արեցիք: Պատկերացնո՞ւմ եք այդ մարդկանց վիճակը, իբր իրենց պատճառով էլի զոհեր եղան: Անընդունելի բան է, թշնամացնում է նույնիսկ մարզը մարզի դեմ: Գիտե՞ք, թե հետաքրքիրը որն է. Ալիեւն այնտեղից է վախեցնում, Նիկոլն այստեղից է վախեցնում: Նիկոլը թուրքի թեկնածուն է: Նիկոլը մեր միջից ուզում է հանել հերոսականությունը, ոգեղենությունը: Իր համար հերոսը հարկ վճարողն է: Սա ապականություն է, ազգի ողնաշարը ջարդում է: Այսօր մենք չենք խոսում ո՛չ Ազգալդյանի մասին, ո՛չ Մոնթեի մասին, ո՛չ էլ մեր մյուս հերոսների: Եվ Նիկոլն Արցախն ուզում է սարքել ինչ-որ միֆ, որ եկավ ու անցավ: Բայց դա այդպես չէ, իհարկե: Հերոսները կան, հերոսների մասին մենք չենք մոռացել, եւ ոչ ոք չի մոռանում, Եռաբլուրն էլ թույլ չի տալիս, որ մոռանանք: Եվ այն խոսույթը, որ Նիկոլն ասում է, թե ղարաբաղցիք չեն կռվել, դա կեղտոտ սուտ է, ես պատերազմից հետո Արցախում տեսել եմ, թե ինչքան մարդ էր թաղված` նոր գերեզմաններ: Սա արդեն վերջն է, սրանց լուրջ չպետք է վերաբերվել, մի քանի օր է մնացել, մենք պետք է մեր ուշադրությունը, մեր ուժը կենտրոնացնենք նրա վրա, որ Նիկոլը թուրքի թեկնածու է, Նիկոլը հայի թեկնածու չէ եւ չպետք է ընտրվի, վերջ:

– Այդուհանդերձ, կա մի զանգված, որ ողջունում է այս իշխանության աղետալի քայլերը, հաշտ է այս ամենի հետ, կան նաեւ անտարբերներ: Ինչի՞ հետեւանք է նման անկումը:

– 88-ի շարժման ժամանակ մտավորականներն էին կանգնած, եւ առաջին գումարման ժողովում հենց նրանք էին պատգամավորները: Եվ իրենք լավ օրինակ էին՝ որպես էլիտա: Բայց հետագայում ի՞նչ տեղի ունեցավ․ կամաց-կամաց սկսեցին հարել այս կամ այն կուսակցությանը, շատ բացասական երեւույթների վրա աչք փակել, խոսել կուսակցական շահից ու հաշվարկներից, ոչ թե անձնական վերաբերմունքից: Այդպես մտավորականության ձայնն ապականվեց, եւ սկսեցին հաշվի չառնել։ Մտավորականն ինքն իրեն վարկաբեկեց: Սա շարունակվեց-շարունակվեց, եւ արդյունքում ստացվեց, որ մտավորականությունն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որ այդ էլիտա ասվածը ձեւական բան է: Այդ անհատների կողմից ոչ մի հանրային պարսավանք տեղի չունեցավ այս կամ այն երեւույթի հանդեպ, ոչ մի գնահատական չտրվեց: Ժողովուրդն էլ, տեսնելով, որ էլիտան ձայն չի հանում, ինքն էլ ասաց` իմ եղունգով իմ գլուխը քորեմ: Նույնիսկ ընտրակաշառքների ժամանակ մտավորականությունը ձայն չհանեց, թե այս ինչ է կատարվում, ժողովուրդն ապականվում է: Եվ այսպես ժողովրդին փչացրին-փչացրին, արդյունքում ունեցանք սա: Բայց ես կարծում եմ, որ մեր հայի գենը, այնուամենայնիվ, ունի իմունային համակարգ: Մենք, ճիշտ է, ունենք շատ բացասական երեւույթներ, բայց ես հակված եմ մտածելու` Բայրոնը ճիշտ էր ասում, որ հայի մեջ բացասական երեւույթները ձեռքբերովի են, այսինքն` դրանք մերը չեն: Եթե ինչ-որ բան ձեռքբերովի է, ապա դրանից կարելի է ազատվել, եւ հիմա այդ պրոցեսն սկսվել է: Այդ վատ երեւույթներից հայ մարդն սկսում է ազատվել արդեն, ազատագրվել այդ բացասականից եւ դարձյալ նայել դեպի ակունքներ, դեպի սկիզբ` այն մաքուրը, եւ այնտեղից նորից գալ: Այս ընտրություններն իսկապես ճակատագրական են լինելու, ինձ թվում է՝ բոլորը գիտակցում են, որ շատ բան է կախված դրանից: Նախորդ ընտրություններից այսքան բան կախված չէր, թերեւս, բայց այս ընտրություններից շատ բան է կախված՝ մեր երկրի ապագան, ընդհանրապես՝ մեր լինել-չլինելը։ Սա արդեն գոյաբանական խնդիր է: Հիմա ուղղակի օր չի մնացել, ժամ չի մնացել, խնդիրը Նիկոլից ազատվելն է, հետո կնստենք ու կխոսենք խնդիրներից, թե ինչ պահաջել նոր իշխանություններից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *