Թավշյա «ֆոկուսՉիկն» ու նրա տերերը

Մի քիչ խոսենք Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու «սխեմայի» մասին.
Բայց մի բան հիշեցի, ուրեմն Քանաքեռում իմ մանկության տարիներին մի մարդ կար, որը աճպարարին ասում էր «ֆոկուսՉիկ»՝ հենց այսպես՝ «չ» տառով։

Լսում եմ Փաշինյանի ինքնամոռաց երդումները, թե քանի ինքը կա, ադրբեջանցիները չեն գալու Հայաստան բնակվելու, և հիշում եմ այդ «ֆոկուսՉիկ» որակավորումը։

Դե, Փաշինյանի և իր թիմի ֆոկուսներ ցույց տալու ունակությունն արդեն առասպելական մակարդակի է հասել։ Բավական է հիշել նրա «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը, որը հետո ադրբեջանամետ «ֆոկուսի» արդյունքում դարձավ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ»։ Կամ, օրինակ, Զանգեզուրի միջանցքի ոդիսականը, որը կրկին Փաշինյանի հերթական հակահայկական ֆոկուսի արդյունքում դարձավ TRIPP։

Բայց մի պահ փորձենք բացահայտել թավշյա «ֆոկուսՉիկների» հերթական հակապետական քայլի բովանդակությունը՝ ադրբեջանցիների բնակեցման կոնտեքստում։

Ուրեմն, տեսեք, սրանք ինչ ֆոկուս են անելու։ Հանձնելու են Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին իբր «ադրբեջանական անկլավների» քողի ներքո, ինչի մասին արդեն հայտարարել են։ Հետո, երբ հանձնեն այդ հայկական տարածքները, դրանք դե-յուրե դառնալու են Ադրբեջանի տարածք, ինչը, իր հերթին, նշանակում է, որ, համաձայն տարրական տրամաբանության, Ադրբեջանն այդ տարածքներում անելու է այն, ինչ կցանկանա։ Եվ այստեղ հասնում ենք Փաշինյանի հիմնական «ֆոկուսին»։

Տարածքները հանձնելուց հետո Ադրբեջանն անմիջապես այնտեղ բերելու է թե՛ բնակչություն, թե՛ զինված ուժեր՝ օրինակ, սահմանապահների պատրվակով։ Այսինքն՝ Հայաստանի ռազմավարական տարածքների գլխին, դե-ֆակտո Հայաստանի ներսում, բնակեցվելու են ադրբեջանցիներ։ Սակայն, քանի որ Փաշինյանը այդ տարածքները հանձնելու է Ադրբեջանին, կստացվի, որ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները իրավական առումով բնակվելու են Ադրբեջանում։

Իհարկե, առաջին փուլում դրանք կլինեն ընդամենը մի քանի հազար ադրբեջանցիներ, բայց այս պարագայում կունենանք հետևյալ պատկերը․ Փաշինյանը կհայտարարի, որ ինքը կատարել է իր խոստումը, և ադրբեջանցիները բնակվում են Ադրբեջանի տարածքում։ (Հիշեցնեմ՝ խոսքը Հայաստանի ներսում գտնվող տարածքների մասին է)։

Ադրբեջանն իր հերթին կսկսի իր ցեղակիցների բնակեցումը «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի ներքո։ Հետո, այս ամենն անելուց հետո, նույն Ալիևի համար, փաշինյանական տարատեսակ «ֆոկուսՉիկների» օգնությամբ, ավելի հեշտ կլինի արդեն Հայաստանի բուն տարածքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցման գործընթացի իրականացումը։
Համաձայնեք, որ վերը նկարագրվածը լրիվ իրատեսական է թավշյա «ֆոկուսՉիկների» և նրանց թուրք-ադրբեջանական տերերի կողմից։

Արման Աբովյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *