Քաղաքական պայքարը՝ իրավական դաշտում․ ազդեցիկ ընդդիմադիրները՝ սահմանափակ ազատությամբ

Հայաստանի քաղաքական կյանքում այսօր տեղի ունեցող գործընթացները դժվար է դիտարկել առանձին-առանձին։ Երբ տարբեր ժամանակահատվածներում քրեական հետապնդումների, կալանքների, տնային կալանքների կամ վարչական հսկողության տակ են հայտնվում բացառապես ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ, ձևավորվում է մեկ ընդհանուր պատկեր. իշխանությունը փորձում է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն մարդկանցից, որոնք կարող են խանգարել իր վերարտադրմանը։
Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ 2018 թվականի հեղափոխական էյֆորիան վաղուց անցել է։ Տնտեսական, անվտանգային և արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների ֆոնին հանրային վստահությունը նախկինը չէ։ Այդ պայմաններում իշխանության համար ամենամեծ վտանգը ոչ թե առանձին քաղաքական ուժերն են, այլ այն մարդիկ, որոնք ունեն հասարակության տարբեր շերտերի վրա ազդեցություն և կարող են ընտրությունների ժամանակ ընտրողներին մոբիլիզացնել ընդդիմության օգտին։

ԲՀԿ ցուցակում ներգրավված Անդրանիկ Թևանյանն այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ, քննվում է նրան կալանավորելու հարցը։ Ըստ մեղադրանքի Թևանյանի դեմ հարուցված քրեական գործի պատճառը 2024թ-ի ԱԺ փակ նիստից ինչ որ նյութեր ՌԴ հատուկ ծառայություններին տրամադրելն է՝ բավականին մեծ գումարի դիմաց։ Ընդ որում, ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ և միայն հիմա է Թևանյանին մեղադրանք առաջադրվում ու այս մասին առաջինը խոսում է Նիկոլ Փաշինյանը, ով քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է գտնվում։

Փաշինյանն անհավասար քարոզարշավի պայմաններ է ստեղծել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեպքում։ Վերջինիս կողմից ասված «մեր ձևով ենք պաշտպանելու եկեղեցին» միտքը, գրեթե 1 տարի է նրան հասարակությունից մեկուսացնելու պատճառ է դարձել։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով խոստանում է ընդդիմադիրներին ու իրեն հակադրվողների վրա մատ է թափ տալիս, սպառնում: Նման պահվածքն էլ արդարացնում էմոցիոնալ բնավորությամբ ու տաքարյուն լինելով։ Սամվել Կարապետյանի դեպքում վերջինս տնային կալանքի տակ է, նա կարող է կոչեր անել, հանդիպումներ ունենալ իր տանը, բայց չի կարող լքել բնակության հասցեն, նման արգելքը, ինչպես փաստաբաններն են նշում՝ մի բանի համար է արվել՝ խոչնդոտելու համար նրա քարոզարշավը։

Հայաստանի համար աննախադեպ իրավիճակ է նաև եկեղեցու դեմ տարվող արշավի ու սրբազանների դեմ հարուցված քրեական գործերի տեսանկյունից։ Բագրատ Սրբազանը կալանավորված է, Միքայել Սրբազանը տնային կալանքի տակ է, դատարանի որոշմամբ կարող է միայն պատարագների մասնակցել, բայց չի կարող պատարագներ մատուցել, հանդիպումներ ունենալ, հարցազրույցներ տա: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի դեպքում կիրառվել է չբացակայելու արգելք ու վարչական վերահսկողություն։ Արշակ սրբազանը կալանքից ազատ է արձակվել, սակայն ամիսներ շարունակ գտնվում էր ԱԱԾ պադվալում՝ իբր այլ անձի պայուսակում թմրամիջոց գցելու համար, հիմա էլ չի կարող լքել Վաղարշապատ համայնքի տարածքը: Հասարակական մեծ աջակցություն ու համակիրների բանակ ունեցող քաղաքական գործիչներից Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Սև հովազ կազմակերպության նախագսհ Սերոբ Գասպարյանը, ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը, ազատամարտիկ Աշոտ երկաթը (Աշոտ Մինասյան), ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, որոնք կալանքներով ու տնային կալանքներով իզոլացվել են հասարակությունից, նույնպես զրկված են այս ընտրությունների ժամանակ ակտիվ քարոզչություն անելու հնարավորությունից։ Նրանց բոլորին միավորում է մեկ հանգամանք՝ նրանք իշխանության աջակիցները չեն։ Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից ընդդիմախոսներին հետապնդելն, իհարկե, նոր մեթոդ չէ։ Աշխարհի տարբեր երկրներում իշխանությունները հաճախ փորձել են ոչ թե մրցել իրենց հակառակորդների հետ, այլ սահմանափակել նրանց հնարավորությունները։ Ոմանց հեռացնում են քաղաքական գործընթացներից, ոմանց՝ տեղեկատվական դաշտից, ոմանց՝ կազմակերպչական աշխատանքից։

Հայաստանում, մենք տեսնում ենք նույն տրամաբանությունը, բայց անհամեմատելի ծավալների։ Իշխանությունը կորցնելու վախով ապրող Փաշինյանի համար խնդիր է դառնում այն ընդդիմադիր գործիչը, որը կարող է հազարավոր մարդկանց հավաքել հրապարակում։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարը տեղափոխվում է ոչ թե գաղափարների մրցակցության, այլ իրավապահ համակարգի դաշտ։

Որքան էլ իշխանության ներկայացուցիչները հայտարարեն իրենց բարձր վարկանիշների մասին, նրանց գործողություններն այլ բան են հուշում։ Վստահ իշխանությունը սովորաբար չի փորձում մեկուսացնել իր բոլոր ազդեցիկ հակառակորդներին։ Վստահ իշխանությունը գնում է ընտրության և մրցում է բաց ու թափանցիկ քաղաքական դաշտում։ Իսկ երբ սկսվում են զանգվածային քրեական գործերը, կալանքներն ու սահմանափակումները, պարզ է դառնում, որ իշխանությունը վստահ չէ սեփական քաղաքական ռեսուրսների, ռեյտինգի ու հաջողության հարցում։

Հենց այդ պատճառով էլ այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ տեղի ունեցողը ընկալում են ոչ թե որպես առանձին իրավական գործընթացների շարք, այլ որպես մեկ ընդհանուր քաղաքական ռազմավարություն՝ հնարավորինս թուլացնել ընդդիմադիր դաշտը և ընտրություններին մոտենալ առավել հարմար պայմաններում։ Արդյոք այս հաշվարկը կաշխատի՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում հիմնական հարցերից մեկը դարձել է ոչ թե այն, թե ովքեր են մեղադրվում այս կամ այն գործով, այլ այն, թե ինչ ազդեցություն կունենան այդ գործընթացները քաղաքական մրցակցության և ընտրությունների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *