ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշեր ունեցած հեռախոսազրույցում վարչապետ Բենիամին Նեթանյահուին հավաստիացրել է, որ Իրանի հետ վերջնական համաձայնագիրը լիովին կվերացնի Թեհրանի միջուկային ծրագիրը, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի ոմն պաշտոնյայի։
Թրամփը «պարզաբանել է, որ բանակցություններում հաստատակամորեն պնդելու է Իրանի միջուկային ծրագրի կասեցման և ամբողջ հարստացված ուրանի՝ Իրանի տարածքից դուրսբերման վերաբերյալ իր վաղեմի պահանջը, և որ չի ստորագրի վերջնական համաձայնագիրը, եթե այդ պայմանները չկատարվեն», պատմել է գործակալության զրուցակիցը։
Վաշինգտոնը Երուսաղեմին տեղյակ է պահում բանակցությունների ընթացքին «փոխըմբռնման հուշագրի շուրջ, որպեսզի կրկին բացվի Հորմուզի նեղուցը և սկսվեն վերջնական համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ այն հարցերի շուրջ, որոնք մնում են վիճահարույց», նշել է աղբյուրը՝ հավելելով, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Իսրայելի անվտանգության հանդեպ նրա «բացառիկ նվիրվածության» համար։
Իր հերթին Նեթանյահուն Թրամփին ասել է, որ Իսրայելը կպահպանի գործողությունների ազատությունը «բոլոր սպառնալիքների դեմ՝ բոլոր ճակատներում», ասել է գործակալության զրուցակիցը։
«Վարչապետը շեշտել է, որ Իսրայելը կպահպանի իր գործողությունների ազատությունը բոլոր ճակատներում առկա սպառնալիքների դեմ, ներառյալ Լիբանանը, և նախագահ Թրամփը հաստատել է իր աջակցությունն այս սկզբունքին», – հավելել է աղբյուրը։