Փաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. Մեդվեդև


Քաղաքականություն


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում: Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Մեդվեդևի խոսքով՝ Փաշինյանը փորձում է Երևանը «տանել դեպի ԵՄ»՝ միաժամանակ ձգտելով պահպանել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտները, ինչի հետևանքով կարող է «ցավոտ վայրէջք կատարել երկու աթոռների միջև»։ 

ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է, որ այս վտանգավոր քաղաքականության արդյունքում տուժելու է հայ ժողովուրդը, որը կորցնելու է ռուսական և եվրասիական շուկաներն ու տասնամյակներով ձևավորված տնտեսական կապերը։ «Երևի նա մեզ հիմար է համարում։ Մինչդեռ ինքն է խոշոր սխալ թույլ տվել կոորդինատների համակարգում և իր երկրի համար ծայրահեղ վտանգավոր կուրս է վարում»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Փաշինյանն իր հայրենիքը մղում է «բանդերական Ուկրաինայի տխուր ճանապարհով»։

Որպես տնտեսական հետևանք՝ Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Հայաստանը ստիպված կլինի ռուսական գազը գնել եվրոպական գներով, ինչը ներկայիս սակագներից երեք անգամ թանկ է, և առաջարկել է վարչապետին հարցնել սեփական քաղաքացիներին՝ պատրա՞ստ են արդյոք վճարել այդ գինը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *