Ի տարբերություն Հայաստանում այժմ տեղի ունեցող զարգացումների՝ տարբեր երկրներում նախընտրական քարոզարշավի շրջանում գնաճը դառնում է քաղաքական բանավեճերի գլխավոր թեմա։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ բնակչության շրջանում մտահոգություն չկա այն մասին, թե Կենտրոնական բանկը սխալ քաղաքականություն է վարում, և երկրում գնաճի թռիչքաձև աճ կգրանցվի։
«Կարո՞ղ ենք բացառել, որ կլինեն ցավոտ ցնցումներ։ Ո՛չ։ Սակայն մենք խնդիրները լուծելու ձգտում ունենք, և հասարակությունն էլ ունի դրա համապատասխան ընկալումը», – ընդգծել է նա։
Գալստյանը հիշեցրել է, որ ապրիլին գնաճը կազմել է 5,3%, ինչը գերազանցում է թիրախային ցուցանիշները՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել այդ թիվը թիրախային մակարդակին վերադարձնելու ուղղությամբ։
Նա հավելել է, որ ԿԲ-ն հակված է աշխատել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանելու ուղղությամբ։
Մարտին Գալստյանը պարզաբանել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր բարձրացման դեպքում պետք է հաշվի առնել շատ գործոններ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ երկրի տնտեսական վիճակը, Մերձավոր Արևելքում պատերազմը, էներգակիրների համաշխարհային գների աճը և այլ գործոններ։