Բաքվում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների վերաքննիչ բողոքի քննության դատական գործընթացը։ Նրանք Ադրբեջանում դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում՝ ցմահ բանտարկության։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ դատավարությունն անցկացվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ։
Ավելի վաղ, Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ, Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Նրանք մեղադրվում են պատերազմական հանցագործությունների մեջ։ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։