

Հայաստանում միայն ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների սպառումից տարեկան գոյանում է շուրջ 12․000 տոննա PET պլաստիկի կամ 450 միլիոն հատ պլաստիկ շշի թափոն։ Սակայն դրանց միայն փոքր մասն է վերամշակվում։ Մնացածը հայտնվում է աղբավայրերում կամ բնության մեջ։ 2025թ․ վերամշակվել է ընդամենը 300 տոննա պլաստիկ՝ ընդհանուր ծավալի ընդամենը 2․5 տոկոսը։
Վարուժան Աբրահամյանը պլաստիկի վերամշակմամբ զբաղվում է արդեն յոթ տարի։ 2019թ․ նա հիմնել է «Նեկոպոլիմեր» ընկերությունը։ Ամսական ընկերությունը վերամշակում է առավելագույնը 20 տոննա։

«Մեր միայն իրանական հոսքագիծը նախատեսված է ամսական 300 տոննայի համար, բայց միայն Երևանից մեզ հասնում է 5-6 տոննան։ Այս գործի մեջ սա շատ փոքր թիվ է։ Գոնե ամսական 100-150 տոննա կարողանանք վերամշակել։ Բայց թափոնի մեծ մասը գնում է աղբավայրեր և այնտեղից դուրս չի գալիս։ Մենք ստիպված պետք է կողմնակի տեղերից գտնենք կամ բերենք, աշխատում ենք, տարբեր շրջանների հետ, տարբեր ֆիրմաների հետ, բայց չի բավարարում, քանակը կայուն չէ։ Ափսոսում ենք, որ գնում է աղբավայր», – Էկոլուրի հետ զրույցում ասաց Վարուժան Աբրահամյանը։

Գործարան հասնող պլաստիկը նախ տեսակավորում են ձեռքով։ Աշխատակիցներն առանձնացնում են քարերը, մետաղը և այլ նյութեր, որոնք կարող են վնասել հոսքագիծը։ Այնուհետև, հատուկ տարաներում PET պլաստիկն առանձնացվում է այլ տեսակի պլաստիկներից, մանրացվում և լվացվում է, ապա, որպես հումք, արտահանվում Ռուսաստան։

«Շատ լավ կլինի, գոնե մեզ արտոնություն տան կամ սարքավորում ձեռք բերենք, որ գոնե արհեստական բամբակներ արտադրենք կամ նեյլոն թելեր, կամ կտոր արտադրենք, որ կարողանանք, մենք՝ ինքներս, օգտագործենք երկրի մեջ»,- ասաց Վարուժան Աբրահամյանը։

Հայաստանում պլաստիկի վերամշակման ոլորտն ունի զարգացման զգալի ներուժ։ Սակայն առանց կայուն հավաքագրման, պետական աջակցության և համակարգային լուծումների, վերամշակման շղթան շարունակում է աշխատել սահմանափակ հնարավորություններով։

«Թափոն կա, բայց մեզ չի հասնում։ Գունավոր աղբամանների քանակը եթե կրկնապատկվի, դառնա 600 հատ, 800 հատ, 1000 հատ, 5-6 տոննան կդառնա 10 տոննա, 15 տոննա, այս աշխատանքի համար զգալի քանակ չի համարվում։ ․․․Ամենակարևորը սարքավորումներով տեսակավորում պետք է լինի աղբավայրերի մոտ, որ թափոններն այնտեղ առանձնանան։ Եթե տեսակավորման համակարգ դրվի, արդեն պլաստիկն էլ կառանձնացվի, ալյումին էլ կառանձնացվի, երկաթ կամ տարբեր տեսակի արդեն պիտի առանձնանան, բոլորին օգուտ կտա»,- ասաց Վարուժան Աբրահամյանը։


Թափոնների վերամշակմամբ զբաղվողները սպասում են Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի մասին օրենքի ընդունմանը, որը կփոխի թափոնների կառավարման տրամաբանությունը։ «Օրենքը շատ կօգնի, արդեն քաղաքապետարանի կողմից տեսակավորման բեռը մի քիչ կթեթևացնի, կդրվի արտադրողի վրա։ Եթե արտադրում են, պիտի որոշ չափով հասցնեն մեզ կամ տարբեր վերամշակողների։ Եթե քանակ իմանանք, արդեն կարող ենք ծրագիր մշակել կամ հոսքագիծը այնպես շարել, որ ամսական 100 տոննա կամ 120 տոննա մշակենք»,- ասաց Վարուժան Աբրահամյանը։


Մայիս 26, 2026 at 17:02