«Ռոսսելխոզնադզորը» կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավասությունը։ Գերատեսչությունում կարծում են, որ նախարարությունը չի հաղթահարում այն լիազորությունները, որոնք դրվել են նրա վրա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո, հայտնում է ТАСС-ը։
Գերատեսչությունից հայտնել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, և գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հարցերը վերապահվել են էկոնոմիկայի նախարարությանը, որը պատասխանատու է ագրարային քաղաքականության, ագրովերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների, ձկնաբուծության համար։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի սպառման հիմնական շուկան է, և այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի հաղթահարում այն լիազորությունները, որոնք դրվել են նրա վրա գյուղնախարարության լուծարումից հետո»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։