«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են պոռոտախոսել, թե իրենք թիվ մեկն են, անմրցելի են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից՝ շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ մայիսի 25-ին՝ «ուժեղ»-ների՝ Տաշիր այցելության օրը, մի քանի ժամում քաղաքում ավելի քան հարյուր հասցեներում խուզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։
Ուշագրավն այն է, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խուզարկումների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։