Նույնականացման քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով հնարավո՞ր է մասնակցել ընտրությանը

Հունիսի 7-ին տեղի է ունենալու ԱԺ հերթական ընտրությունը, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Առանձնացրել ենք ընտրական գործընթացի հետ կապված ամենաշատ տրվող հարցերը։

Ո՞վ է համարվում ընտրող ՀՀ-ում

ՀՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ընտրություններին չեն կարող մասնակցել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք և դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրողների վերջնական ցուցակը քվեարկության օրվանից 7 օր առաջ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում և ՀՀ ներքին գործերի նախարարության կայքում։ Ձեր ընտրատեղամասը գտնելու համար անհրաժեշտ է մուտք գործել elections.mia.gov.am կայք և լրացնել պահանջվող տվյալները։

Ի՞նչ փաստաթղթի առկայության դեպքում կարող են քաղաքացիները մասնակցել ընտրության

ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, ապա մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ: Քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, ժամը՝ 08։00-ից մինչև 20։00-ն։

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են մասնակցել ընտրության

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ-ում։ Սակայն արտերկրում բնակվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները և օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Արտերկրում ընտրելու համար պետք է նախապես գրանցվել դեսպանատան միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ հատուկ ձևաթղթի լրացմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *