
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա և նրան «խելագար» անվանել Լիբանանում լարվածության սրման պատճառով։
Այս մասին հայտնում է «Axios»-ը` ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Երեկ գրել էինք, որ Իրանը սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ բանակցել է Նեթանյահուի և «Հըզբոլլահ»-ի հետ, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են չկրակել միմյանց վրա․ մինչև այդ Իսրայելի վարչապետը հրամայել էր բանակին հուժկու հարձակում սկսել Բեյրութի վրա։
«Axios»-ի 2 աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդը կշտամբել է Բենիամին Նեթանյահուին և ասել, որ նա անշնորհակալ է։ Թրամփը նաև արգելակել է Բեյրութին հարվածելու ծրագիրը։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Լիբանանի մայրաքաղաքը ռմբակոծելու սպառնալիքները կատարելը Իսրայելին է՛լ կմեկուսացնի ամբողջ աշխարհից։
Ամփոփելով Թրամփի և Նեթանյահուի զրույցը՝ ամերիկացի պաշտոնյան մեջբերել է հետևյալ արտահայտությունը. «Դուք կատարյալ խելագար եք։ Եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր (նկատի ունի Նեթանյահուին ցուցաբերված աջակցությունը կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ)։ Ես փրկում եմ քո հետույքը։ Հիմա բոլորը քեզ ատում են։ Բոլորը ատում են Իսրայելին դրա համար»։
Մեկ այլ աղբյուրը պատմել է, որ Թրամփը մի պահ բղավել է Նեթանյահուի վրա. «Ի՞նչ ես դու անում, գրողը տանի»։