ԱՄՆ-ի հետ համագործակցության ու ռազմավարական գործընկերության վերականգնումը Վրաստանի կառավարության առաջնահերթ խնդիրն է։ Այս մասին նշված է վարչապետ Իրակլի Կոբախիձեի տարեկան հաշվետվության մեջ։
Փաստաթղթում շեշտվում է, որ Թբիլիսիի համար առանցքային ուղղություն է մնում Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացումն ու իրավահավասարության և կողմերի շահերը հաշվի առնելու հիման վրա դրանց «վերբեռնումը»։
«Վրաստանի կառավարության համար կարևոր ու առաջնահերթ է ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանի կառավարության խնդիրն է հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնմանը»,- ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հաշվետվության մեջ։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն է վարում ամերիկյան կողմի հետ, իսկ երկրի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ։
Հաշվետվության մեջ ներկայացված են նաև տվյալներ փոխադարձ այցերի ու շփումների մասին. 2026 թվականի սկզբին Վրաստան են այցելել ԱՄՆ Կոնգրեսի և վարչակազմի պատվիրակությունները, վրացական կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին մեկնել են Վաշինգտոն, բացի այդ՝ տեղի է ունեցել Կոբախիձեի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել էին 2024 թվականին՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից և դրան հաջորդած քաղաքական որոշումներից հետո, ներառյալ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային գործընթացի սառեցումը, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի կողմից ռազմավարական գործընկերության կասեցմանը։