ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայհոյանքներով լի հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ քննադատել է նրան՝ Լիբանանում Իսրայելի գործողությունների համար․հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ 2 պաշտոնյայի և 3-րդ աղբյուրի, որոնք ծանոթ են հեռախոսազրույցի բովանդակությանը։
Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Նեթանյահուին անվանել է «խելագար» և մեղադրել անշնորհակալ լինելու համար։ Նա նաև արգելել է Բեյրութին հարվածելու Իսրայելի ծրագիրը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Լիբանանի մայրաքաղաքը ռմբակոծելու նրա սպառնալիքների իրականացումը կխորացնի Իսրայելի մեկուսացումն ամբողջ աշխարհում։
Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը պնդել է, որ օգնել է Նեթանյահուին բանտում չհայտնվել՝ հղում անելով Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործը։
«Դու խելագար ես։ Եթե ես չլինեի, բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քո հետույքը։ Բոլորը հիմա ատում են քեզ։ Բոլորն ատում են Իսրայելն այս պատճառով»,- ըստ աղբյուրների՝ ասել է Թրամփը Նեթանյահուին։
Զանգի մասին տեղեկացված երկրորդ աղբյուրը նշել է, որ Թրամփը «բարկացած» էր և մի պահ գոռացել է Նեթանյահուի վրա. «Ի՞նչ ես անում»։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը գիտեր, որ «Հեզբոլլահ»-ը կրակում է Իսրայելի վրա, և որ Իսրայելը պետք է պաշտպանվեր, բայց վերջին օրերին զգացել է, որ Նեթանյահուն անհամաչափ կերպով սրում է իրավիճակը։
Բեյրութին ուղղված սպառնալիքներից բացի, Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունները Լիբանանի հարավում։
Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ Թրամփը մտահոգված է այն փաստով, որ Իսրայելը Լիբանանում սպանել է այդքան շատ քաղաքացիական անձանց։
Թրամփի զայրույթը, կարծես, պայմանավորված է նրանով, որ Լիբանանում լարվածությունը սրելու Նեթանյահուի որոշումը սպառնում է խափանել Իրանի հետ նրա բանակցությունները։
Զանգից հետո Թրամփը Truth Social-ում գրառում է արել, որ Իրանի շուրջ բանակցությունները «շարունակվում են արագ տեմպերով»։