
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի՛ արցախցիներ, հայրենակիցնե՛ր,
Վարչական դատարանի կայացրած վերջին որոշումները, որով Արցախից բռնահանված և այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարևորագույն իրավական նշանակություն ունեն։ Սա ոչ միայն արդարության վերականգնում է, այլև քայլ՝ մեր հասարակության համախմբման և պետականության ամրապնդման ճանապարհին։
Փաստացի արձանագրենք, որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն ընտրելու լիակատար իրավունք, սակայն գործող իշխանությունների կողմից նրանց ընտրական ցուցակներից դուրս թողնելու միտումնավոր քաղաքականությունը կասկածի տակ է դնում այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Իշխանության այս կամայականությունը հարվածում է Հայաստանի ժողովրդավարական հիմքերին և բացահայտում է նրանց վախերը սեփական քաղաքացիների ու հայրենակիցների ազատ կամարտահայտումից։
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է՝ արցախահայերի արժանապատիվ, անվտանգ եւ կայուն ապագայի կառուցումը Հայաստանում՝ միաժամանակ պաշտպանելով նրանց վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները։ Այս առումով հիմնաքարային նշանակություն ունի արցախահայերի ընտրական իրավունքի ամրագրումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։
Մենք ողջունում ենք փաստաբան Ռոման Երիցյանի և Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանի կատարած աշխատանքն այդ ուղղությամբ և կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում։
Ինչ է անհրաժեշտ անել հիմա.
Իրավունքի իրացման համար անհրաժեշտ է արագորեն դիմել պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ ընտրացուցակներում ներառվելու նպատակով։ Գործընթացի ընթացքում խնդիրներ և արհեստական խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ կոչ ենք անում անհապաղ դիմել իրավական օգնություն ստանալու նշված հասցեներով։ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբները ևս կանգնած են ձեր կողքին և մեր խողովակներով ու միջոցներով պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ կազմակերպչական ու իրավական ամբողջական աջակցությունը, որպեսզի ոչ մի արցախցու ձայն չանտեսվի։
Ընտրողների ցուցակում ներգրավվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ դիմումի մերժման դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։
Աջակցության համար դիմել՝
Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հանձնաժողով
Երեւան, Սարյան 38
Արցախի ներկայացուցչություն
Նաիրի Զարյան 17/2
093948765 Արցախի ներկայացուցչություն
Ք .Երևան Աբովյան 25
033978281