ՌԴ-ն ճնշում է, Արևմուտքը չի հանձնվում․ ՀՀ-ի համար պայքար է սպասվում․ ռուսական մամուլի ամփոփում

Եթե Հայաստանը կորցնի իր հիմնական գնորդ Ռուսաստանին, ապա գործնականում կարող է լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչեղենի արտահանում չունենալ․ գրում է РИА Новости-ն՝ հիմնվելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների վրա։

ՄԱԿ-ի հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 73,96 միլիոն դոլարի թարմ բանջարեղեն և կանաչեղեն, որոնք այժմ ենթարկվում են սահմանափակումների։ Տարեկան թվերի վերածելով՝ սա կազմում է մոտավորապես 80,64 միլիոն դոլար կամ սահմանափակումների ենթարկված բանջարեղենի ընդհանուր արտահանման 99 տոկոսը (տարվա համար մոտավորապես 81,5 միլիոն դոլար)։ Սա ներառում է թարմ պղպեղի (11 ամսվա ընթացքում 37,1 միլիոն դոլար), լոլիկի (32,78 միլիոն դոլար), կանաչեղենի (2,52 միլիոն դոլար), վարունգի (1,52 միլիոն դոլար) և սպարժի (16,700) արտահանումները։

КоммерснтЪ-ը գրում է, որ Փաշինյանը խոստացել է փոխհատուցել բիզնեսների կորուստները, և, համապատասխանաբար, մտադիր է ապրանքային շղթաները վերաուղղորդել դեպի ԵՄ:

Կան հաղորդագրություններ, որ այս հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել:

Եվրամիությունն, իր հերթին, ավելի քան 2.2 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին՝ վիզային ռեժիմի ազատականացման համար: Գումարը փոքր է, բայց պահը՝ չափազանց կարևոր. Բրյուսելն այդպիսով աջակցում է Երևանի ձգտումներին՝ դառնալու միասնական Եվրոպայի մաս: Այնուամենայնիվ, Պուտինը ցույց է տվել, որ կապ է պահպանում Փաշինյանի հետ, որն իրականում կարող է հաղթել ընտրություններում:

Ներկայում տարածված կարծիքն այն է, որ ընտրությունների ավարտից հետո երկու երկրների միջև հարաբերություններն, այսպես ասած, կկայունանան: Իրականությունը գերակշռում է քաղաքական նպատակահարմարությանը. տնտեսական շղթաները հեշտությամբ չեն կարող կտրվել, և դրանց հետ մեկտեղ՝ քաղաքական շղթաները։ Չնայած թվում է, որ այնպիսի պատմությունները, ինչպիսին է «Ռոսսելխոզնադզոր»-ի արգելքը, հետևանքներ կունենան: Փաշինյանի կուսակցությունն ակնարկում է, որ Ռուսաստանի նման գործողությունները միայն ամրապնդում են ներկայիս կառավարության կողմնակիցների դիրքերը: Ավելին՝ Արևմուտքը նույնպես հեշտությամբ չի հանձնվելու: Թվում է, թե Հայաստանի համար պայքար է սպասվում: Այնպես որ, գուցե սա միայն սկիզբն է:

BBC-ի ռուսական ծառայությունն ընդգծում է, որ հունիսի 7-ի՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, Ռուսաստանը մեծացրել է ճնշումը Երևանի վրա՝ սահմանափակելով Հայաստանից Ռուսաստան արտահանման զգալի մասը։

Արգելքը վերաբերում է գրեթե բոլոր մրգերին, բանջարեղենին, ծաղիկներին, ձկանը և հանքային ջրերին։ Վերջին ամիսներին Մոսկվան բազմիցս դժգոհություն է հայտնել Երևանի արտաքին քաղաքականությունից, որը քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ։

Вести-ի հետ զրույցում տնտեսագետ Մաքսիմ Չիրկովը նշել է, որ Հայաստանի համար շատ ավելի շահավետ է մնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), քան անդամակցել Եվրամիությանը (ԵՄ), քանի որ դա զգալիորեն կբարձրացնի նրա ազգային տնտեսության մրցունակությունը։

Մասնագետը շեշտել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի համար հումքը, վառելիքը և էներգիան ավելի էժան են։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով կորուստներն անհավանական մասշտաբի կլինեն։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ներկայում ցուցադրում է աշխարհում ամենացածր տնտեսական աճի տեմպերը։ Եվրամիությունը հիմնականում հետաքրքրված է սեփական գործարար ակտիվությունը պահպանելով։

Московский Комсомолец-ը գրում է, որ Փաշինյանի կտրուկ քայլերը կարող են ազդել ՌԴ-ում հայկական ծագում ունեցող բիզնեսների վրա երկրի այն շրջաններում, ինչպիսին, օրինակ, Տուլան է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *