Իսրայելի պաշտպանության նախարարը չի բացառել Լիբանանի հետ երկարատև խաղաղության հաստատումը

Լիբանանում հաստատված հրադադարը ոչ միայն ապահովում է Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների անվտանգությունը, այլև հնարավորություն է տալիս երկարատև խաղաղություն հաստատել։ Ինչպես գրում է The Times of Israel-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Այս համաձայնագիրն արտացոլում է այն իրականությունը, որը մենք մինչ այս պահը ստեղծել ենք Լիբանանում։ Իրականություն, որը կարող է հանգեցնել Լիբանան պետության հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել է նա։ Կացը հրադադարն անվանել է «մեծագույն ձեռքբերում»՝ ընդգծելով, որ այն երաշխավորում է Լիբանանի հետ սահմանամերձ գոտում ապրող Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը։

Մինչ այս, Վաշինգտոնի միջնորդությամբ, Իսրայելն ու Լիբանանը հրադադարի շուրջ համաձայնության էին եկել՝ պայմանով, որ «Հեզբոլլահը» լիովին կդադարեցնի կրակը։ Բացի այդ, կողմերը որոշել են ստեղծել հատուկ փորձնական գոտիներ, որոնց վերահսկողությունն ամբողջությամբ կանցնի Լիբանանի պետական բանակին։ Իսկ ինչ վերաբերում է «Հեզբոլլահին», ապա այն պաշտոնապես որևէ պարտավորություն չի ստանձնել, քանի որ պարզապես դուրս է մնացել բանակցություններից։

Սա Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու առաջին փորձը չէ։ Այսպես՝ Լիբանանն ու Իսրայելը դեռ ապրիլին էին հրադադար համաձայնեցրել։ Սակայն վերջին օրերին հրադադարի խախտումները հաճախակիացել են, ինչի պատճառով ԱՄՆ-ն ակտիվացրել է երկու երկրների միջև բանակցությունները։ Մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս բարձր տոնով է խոսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Լիբանանին հասցված իսրայելական հարվածների պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *