Ծորակը բացեց, ջուր խմեց ու պատուհանից դուրս եկավ. ինչպես էին Ճապոնիայում փորձում բռնել երկրի «ամենախելացի» արջին

Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում շարունակվում են գորշ արջի որոնումները, որին տեղական իշխանություններն արդեն անվանում են «չափազանց խելացի», գրել է The Guardian-ը։

Կենդանին իսկական գլխացավանք է դարձել փրկարար ծառայությունների համար մարդկանց վրա հարձակումների շարքի և մի քանի զարմանալի դրվագների պատճառով, որոնք շատերին ստիպել են կասկածել, թե իրենց առջև սովորական գազան է։

Ամեն ինչ սկսվել է չորեքշաբթի, երբ տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է արջը ընկերություններից մեկի ավտոկայանատեղիում հետապնդում մի աշխատակցի։ Կենդանին հարձակվել է տղամարդու վրա և հասցրել վիրավորել նրան։ Տուժածին փրկել է պատահական մի վարորդ, որն իր մեքենան ուղղել է ուղիղ արջի վրա՝ ստիպելով նրան նահանջել։

Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել։ Հետապնդումից փրկվելիս գազանը ներխուժել է գրասենյակային շենք, որտեղ հարձակվել է ևս մեկ մարդու վրա, ապա անհետացել։ Ավելի ուշ արջը վիրավորել է ևս երկու մարդու և հայտնվել էլեկտրոնիկայի արտադրության գործարանի տարածքում։

Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել այն դրվագը, որը հատկապես զարմացրել է ականատեսներին։ Ձեռնարկության աշխատակիցները հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է արջը սեփական թաթերով ինքնուրույն բացել ծորակը և ջուր խմել դրանից։ Նրան բռնելու համար մուտքերի մոտ թակարդ են տեղադրել, իսկ մասնագետները ժամանել են հեռահար սրսկմամբ քնաբեր ներարկելու համար նախատեսված հրացաններով։

Բայց դա էլ չի օգնել։ Ավելի ուշ մի ոստիկան արջին նկատել է գործարանի ցանկապատի մոտ, իսկ շենքը զննելիս պարզվել է, որ կենդանին կարողացել է բացել փակ պատուհանը և փախչել։ Փականի վրա մնացել էին բազմաթիվ քերծվածքներ, որոնք վկայում էին բացելու փորձերի մասին։

Առանձնահատուկ զարմանք է առաջացրել նաև այն փաստը, որ ավելի վաղ արջին հարվածել էր տրանկվիլիզատորով նետիկ, սակայն անզգայացումը ինչ-ինչ պատճառներով կամ չի ազդել, կամ չի հասցրել լիովին ազդել։ Քաղաքապետ Յուկի Բաբան հայտնել է, որ կենդանին ցուցաբերում է անսովոր հնարամտություն։

«Այս արջն ինքնուրույն բացել է ծորակը, որպեսզի ջուր խմի, և, ըստ երևույթին, կարողացել է բացել նաև փակ պատուհանը։ Ես կարծում եմ, որ սա չափազանց խելացի արջ է», — նշել է քաղաքի ղեկավարը։

Որոնումներին ներգրավված են եղել ոստիկանությունը, որսորդները, համայնքային ծառայությունները և անօդաչու սարքեր, սակայն ուրբաթ օրվա դրությամբ գազանը դեռևս ազատության մեջ էր։

Պատմությունը տեղի է ունենում Ճապոնիայում արջերի հարձակումների թվի կտրուկ աճի ֆոնին։ Անցած տարվա ընթացքում այս կենդանիների զոհ է դարձել 13 մարդ․ սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։

Մասնագետները մարդկանց և արջերի միջև բախումների աճը կապում են կլիմայի փոփոխության, բնական սննդի պակասի և գյուղական շրջանների բնակչության կրճատման հետ, ինչի հետևանքով վայրի կենդանիները ավելի հաճախ են մոտենում բնակավայրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *