Սև ծովում թուրքական ձկնորսական նավ է հարձակման ենթարկվել. կա զոհ

Սև ծովի հյուսիսային ափերի մոտ հարձակման է ենթարկվել և խորտակվել Թուրքիայի դրոշի ներքո նավարկող մի ձկնորսական նավ։ Միջադեպի հետևանքով մեկ նավաստի է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի առափնյա պահպանությանը։

Առափնյա պահպանության հրամանատարության տվյալներով՝ «Duru 67» նավը հարձակման է ենթարկվել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքից դեպի արևմուտք ընկած տարածքում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանը թերակղզին Ուկրաինայից բռնակցել է 2014 թվականին։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տուժած հինգ նավաստիներին փրկել է մեկ այլ ձկնորսական նավ, սակայն նրանցից մեկը մահացել է Թուրքիայի ճանապարհին։

Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել առափնյա պահպանության նավը՝ բժշկական անձնակազմով։ Տուժածներին տարհանել են և տեղափոխել թուրքական Ինեբոլու նավահանգիստ, որտեղից էլ նրանց հոսպիտալացրել են Կաստամոնու քաղաքի հիվանդանոց։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ տուժածները ստացել են բեկորային վնասվածքներ։ Բժիշկները հայտնել են, որ երկու նավաստիների վիճակը գնահատվում է հարաբերականորեն թեթև, իսկ մյուս երկուսինը՝ ավելի ծանր. նրանցից մեկին փոքր վիրահատության են ենթարկել հենց առափնյա պահպանության նավի վրա։

Կողմերից ոչ մեկն իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Սև ծովում 2022 թվականից ի վեր շարունակվող մարտական գործողությունների ֆոնին, որտեղ պարբերաբար հարձակումներ են արձանագրվում քաղաքացիական և առևտրային նավերի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *